Ասում է Շպռօտը
– Անի, սկսենք նրանից, որ քո տեսահոլովակների հերոսուհիները մտահոգ, չբավարարված կանանց տպավորություն են թողնում, թեև դու կյանքում, կարծես, բավական ազատ ես:
– Ես իմ տեսահոլովակներում ելույթ եմ ունենում իմ ոճով: Եթե իմ տեսքն այնպիսի տպավորություն է թողել, որ ես չբավարարված եմ, երևի թե սխալ է, քանի որ ես ունեմ ինձ բավարարող սեռական կյանք:
– Բոլոր կանայք` անկախ իրենց արտաքինից, սոցիալական դիրքից ու ինտելեկտից, ցանկանում են իրենց կողքին ունենալ վստահելի, ուժեղ տղամարդ, որի հետ իրենք պատրաստ են կապել ողջ կյանքը, նրանից ունենալ երեխաներ: Ենթադրում եմ, որ այս առումով դու ևս բացառություն չես: Կա՞ քո կողքին նման մեկը, որին պատրաստ ես քո կողքին տեսնել միշտ:
– Ես այն մարդկանցից եմ, որ երբեք չեմ ընտրում մեկին ու ասում` ես կապրեմ նրա հետ հուր-հավիտյան, չէ՛: Ինձ մոտ կոնկրետ այս օրով է: Այսօր իմ կողքին կա մի տղամարդ, որի կողքին ես ինձ զգում եմ կին: Կնոջ համար ամենակարևորը դա է, որ լինի սիրված, հարգված, որ ինքն իրեն կին զգա: Կոնկրետ այսօր կա՛ իմ կողքին այդպիսի տղամարդ, և ես ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում: Ես չեմ մտածում` ես տասը տարի նրա հետ կապրեմ, հարյուր, կունենամ նրանից երեխաներ և կլինեմ երջանիկ: Ինձ մոտ էդպես չէ, ինձ մոտ ամեն ինչ այս օրով է:
– Այսինքն, այս պահին ցանկություն չունե՞ս քո տղամարդու կողքին լինել ընդմիշտ:
– Ես ուզում եմ այսօր առավոտից երեկո միշտ նրա կողքին լինել ու, որ ինքը միշտ իմ կողքին լինի: Իսկ երեխայի առումով՝ եթե ես ունենամ ցանկություն` ունենալ երեխա, կունենամ: Իսկ հիմա ժամանակը չէ:
– Քո համերգային ոճն այնպիսին է, որ դու բեմ ես դուրս գալիս բաց հագուստով, «սեքսի» աղջկա կերպարով: Դու ինքդ էլ ասում ես, որ «Ես եմ քո մեղրը» տեսահոլովակի նկարահանման ժամանակ քո գործընկեր տղամարդիկ վազում էին զուգարան: Քեզ հաճելի՞ է, որ քեզ ավելի շատ դիտում են, քան լսում:
– Ես շատ կուզեի, որ մեր շոու-բիզնեսում շատ լինեին սեքսուալ երգչուհիները, որովհետև շատ տխրում եմ, երբ տեսնում եմ հեռուստատեսությամբ: Մեր երգիչ-երգչուհիները պարզապես սահմանափակվում են ճաշակով հագնվելով: Գտնում եմ, որ, օրինակ, մեր շոու-բիզնեսում սեքսի երգչուհի է Շուշան Պետրոսյանը: Ինձ թվում է, արտիստը ինչ-որ տեղ պետք է տարբերվի և ցանկալի լինի, չնայած` արտիստի ընտրությունն է` ինչ կերպարով նա կերևա հանդիսատեսին: Եվ ինձ թվում է` անկախ նրանից, կինն ինչ մասնագիտություն ունի, յուրաքանչյուր կնոջ մոտ կա ցանկություն` լինել ուշադրության կենտրոնում:
– Սակայն կա ուշադրություն, որ հաճելի է, և կա ուշադրություն, որ ձանձրալի է, անգամ` տհաճ է:
– Ուղղակի կա տարբերություն հանդիսատեսի մեջ: Ոմանք իրենց ռեակցիաների մեջ անզուսպ են: Կա ռեակցիայի էթիկա. դու կարող ես նայել կնոջն այնպես, որ նա իրեն շոյված զգա: Եվ հակառակը:
– Համաձա՞յն ես, որ երգը լավ կատարելու, այն տեղ հասցնելու համար կարևոր նախապայման է հարուստ ներքին ունենալը: Այսինքն` ունենալ գիտելիքների գոնե որոշակի պաշար, աշխարհայացք, անգամ փիլիսոփայություն ու այլն:
– Այո, դա այդպես է: Ինչ վերաբերում է իմ երգերի կատարմանը, թե դրանք որքանով են տեղ հասնում հանդիսատեսին, ասեմ, որ կան երգեր, որոնք գրում եմ ես և, բնականաբար, երգելիս ապրում եմ: Կան երգեր, որ ժողովրդական են, և երգելիս, անկեղծ ասեմ, առանձնապես խորը ապրումներ չեմ ունենում: Միակ ապրումն այն է, որ ուզում եմ ժողովրդին ուրախացնել:
– Վերադառնանք նախորդ հարցին: Պատկերացրու, որ դու մի միջավայրում ես, ուր մի շատ հետաքրքիր տղամարդ գրավում է քո ուշադրությունը: Եվ նրա հետ փորձում ես զրուցել, ու նա հանկարծ հարցնում է.«Սիրելի՛ Անի, օրինակ` Դոստոևսկու կամ Պաստեռնակի ո՞ր գործն ես հատկապես սիրում»: Կարո՞ղ ես պատասխանել:
– Ինչ վերաբերում է Պաստեռնակ կամ Դոստոևսկի կարդացել եմ, թե ոչ, կոնկրետ նրանց չեմ կարդացել, բայց կարդացել եմ այլ շատ հեղինակների: Հիմա շատ սիրում եմ կարդալ Պաոլո Կոելյոյի և Ռիչարդ Բախի աշխատանքներից: Վերջերս ռուսերեն եմ կարդում: Ավելի սիրում եմ ժամանակակից գրականություն: Ես բացարձակ չեմ նեղվել, որ Դոստոևսկի դեռ չեմ կարդացել կամ դեռ չեմ հասցրել կարդալ: Գուցե կանցնի մեկ ամիս, և ես անպայման կկարդամ: Իմ ձեռքի տակ անպայման պետք է լինի գիրք. ես առանց գրքի կյանք չունեմ: Նույնիսկ` երկու գիրք. ես միաժամանակ եմ կարդում: Ես երբեք չեմ կոմպլեքսավորվի, եթե նշված տղամարդը խոսի, ասենք, Դոստոևսկուց: Այդ ժամանակ ես առանց ամաչելու կհարցնեմ` կասե՞ս, ինչ նկատի ունի Դոստոևսկին այս գործում…
– Քո հանդեպ անտարբեր տղամարդու ուշադրությունը գրավելու համար ունե՞ս փորձված միջոց:
– Երբ տղամարդն անտարբեր է իմ հանդեպ, ես էլ, ինքնաբերաբար, անտարբեր եմ նրա հանդեպ: Իսկ ընդհանրապես, միակ բանն անկեղծությունն է, որը գրավում է նրանց, ում հետ շփվում եմ: Ոչ թե հատուկ գրավելու համար եմ այդպես անում, պարզապես ես անկեղծ եմ: Եվ երբ փորձում եմ լինել անկեղծ, ես գրավում եմ մարդկանց:
– Քո հարցազրույցներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, ասացիր, որ անգլերեն և ռուսերեն չգիտես և չես էլ ցանկանում սովորել. թող ռուսներն ու անգլիացիները հայերեն սովորեն: «Երկու աստղ» նախագծում, սակայն, ոչ այնքան վատ շեշտադրությամբ էիր երգում և՛ ռուսերենով, և՛ անգլերենով:
– Ես ընդհանրապես քննադատորեն եմ մոտենում ինքս ինձ, քանի որ գտնում եմ, որ աճելու և կատարելագործվելու տեղ ունեմ: Ինչպես բոլորը:
– Օրվա մեջ ինքդ քո վրա աշխատելու, գիտելիք ձեռք բերելու ժամանակ գտնո՞ւմ ես:
– Անպայման: Էս վերջերս արթնանում եմ շուտ: Առավոտյան ժամը 10-ից արթուն եմ, քանի որ ակումբներում այլևս չեմ աշխատում: Առաջ աշխատում էի: Կարողանում եմ հանգստանալ, քունս առնել, քանի որ քնում եմ երեկոյան ժամը 11-ին: Թողել եմ խմելը, ծխելը, փառք Աստծո: Արդեն յոթ ամիս է: Փորձում եմ առողջ կյանքով ապրել: Արթնանում եմ և զբաղվում եմ ինքս ինձանով, իմ մարմնով: Անում եմ յոգայի վարժություններ, կարդում եմ մետաֆիզիկական գրքեր` բացի գեղարվեստական գրքերից. շատ սիրում եմ և հետաքրքրված եմ մետաֆիզիկայով: Էդպես: Օգտագործում եմ առողջ սնունդ, փորձում եմ հիմնականում ուտել կաթնեղեն և բանջարեղեն: Մի խոսքով, փոխվում է կյանքս: Լավատես եմ: Եվ ինչպես ես եմ տրամադրված կյանքին, այնպես էլ կյանքն է տրամադրված ինձ:
– Եկավ մի ժամանակ, երբ դու փորձեցիր ներկայանալ այլ կերպարով: Որոշել էիր երգել լիրիկական երգեր: Հագուստդ պարզ էր, մի տեսակ հանդարտ էիր, դիմահարդարումդ այսքան վառ չէր: Ինչ-որ բա՞ն էր պատահել:
– Այդ ժամանակ ես որոշել էի Շպռօտ անունս փոխել և դառնալ նորից Անի: Այսինքն` ես չէի որոշել: Որոշել էր իմ նախկին պրոդյուսերներիցս մեկը, քանի որ ունեցել եմ մի քանի պրոդյուսեր: Նա որոշել էր փոխել ոճս: Բայց ես հետո հասկացա, որ ինքս իմ սրտին պիտի լսեմ, ոչ թե պրոդյուսերիս սրտին: Ես վերադարձա էն իմիջին, որն իմն է:
– Ի դեպ, քո ներկա պրոդյուսերը բավական գեղեցկատես և, ինչպես ասում են, ուժերի ծաղկման շրջանում գտնվող տղամարդ է:
– Էս պրոդյուսերը` Սարգիս Ղուբասարյանը, ոչ միայն իմ պրոդյուսերն է, այլև իմ կյանքի ընկերը: Բացեցի փակագծերը: Ես գտնում եմ, որ վերջապես ունեմ այն պրոդյուսերը, որը պիտի լիներ իմ կողքին, քանի որ նա ինձ նման խելառ է, մենք միասին ուզում ենք էն, ինչ ուզում ենք, երբեք մեր միջև աշխատանքի վերաբերյալ տարաձայնություններ չեն լինում: Որովհետև Սարգիսն, ընդհակառակը, օգնում է ինձ ավելի որակով աշխատել: Եվ, ի դեպ, շատ լավ տղամարդ է: Ուզում եմ, որ բոլոր հայ աղջիկների կողքին լինի Սարգիսի նման որակով տղամարդ:
– Ենթադրելի է, որ Սարգիսն առանձնապես խանդոտ չէ, քանի որ շատ հայ տղամարդկանց համար ծանր բարոյական հարված է, երբ իրենց կանանց ծունկը տեսանելի է:
– Ինձ թվում է` նախքան միասին լինելը, նա, երևի թե, մտածել է այդ հարցի շուրջ: Խանդը մարդու բնությունն է, բայց մենք փորձում ենք անել այնպես, որ դա մեզ չխանգարի լինել միասին և աշխատել միասին և, որ դա հիվանդության չվերածվի:
Շպռօտի պրոդյուսերը և կյանքի ընկերը
Անիի պրոդյուսերի` Սարգիս Ղուբասարյանի հետ ևս առիթ ունեցանք զրուցել:
– Սարգի՛ս, քանի որ Անիի հետ քո հարաբերությունները զուտ գործնականով չեն սահմանափակվում, հետաքրքիր է, Անիի ձայնասկավառակի վրայի լուսանկարները շատ բաց են. նա համարյա մերկ է և կանգնած է շատ «մարտական» դիրքով: Հայ տղամարդու համար պիտի որ բարդ լինի թույլ տալ, որ իր ընկերուհուն այդ տեսքով տեսնեն բոլորը:
– Շատ սովորական, կարող եմ ասել` թեթև եմ վերաբերվում: Բոլորս էլ ունենք էն ամենը, ինչ ունի Անին: Ուղղակի, եթե գեղեցիկ է, թող երևա: Սկսենք նրանից, որ դա Անիի ցանկությունն է, ես նրան պարզապես աջակցում եմ` իրականացնել իր ցանկությունը: Խնդիր չեմ տեսնում` վա՜յ, բոլորը տեսան: Սիրուն ա, թող տեսնեն:
– Այսինքն, պետք է ենթադրել, որ խանդի տեսարան, ջարդուփշուր եղած ափսեներ, բաժանվելու սպառնալիքներ չեն եղել:
– Անկեղծ որ ասեմ, ես անգամ վերջերս եմ նկատել, որ, ա՛յ քեզ բան, իսկականից որ, բաց նկար է: Մինչ այդ չէի ֆիքսվել:
– Ինչո՞ւ հենց Անիին ընտրեցիր և ոչ այլ երգչուհու: Մեր շոու-բիզնեսում այսօր երիտասարդ երգչուհիների ընտրությունը չափազանց մեծ է:
– Հատուկ մտադրված չեմ եղել աշխատել հենց Անիի հետ: Սակայն երբ սկսեցի աշխատել նրա հետ, շատ բան հասկացա: Էն աշխարհը, որն ունի Անին, ես կիսում եմ: Այն շատ նման է իմ աշխարհին:
– Անին ասում է, որ ապրում է այս պահով: Դու ինքդ էլ ե՞ս ապրում այս պահով, թե՞ դու տրամադրված ես այնպես, որ Անին այն միակ կինն է, որի կողքին կուզեիր լինել հավիտյանս հավիտենից:
– Չէ, չեմ կարող ասել` կուզեի միշտ նրա կողքին լինել, սակայն հակառակն էլ չեմ կարող ասել: Ուղղակի, նման մտածմունքների իմաստն ինձ համար չեմ տեսնում: Ես ապրում եմ այս օրով, այս վայրկյանից եմ ստանում այն, ինչ ստանում եմ:
– Սակայն տղամարդիկ, հատկապես, եթե նրանք նաև ազգությամբ հայ են, ցանկանում են իրենց սիրած կնոջից ունենալ երեխաներ, որոնք, երբ իրենց պապան տուն մտնի, վազելով բերեն հողաթափերը, տանը մատուցեն փոքրիկ ծառայություններ:
– Մեծամասամբ այդպես են մտածում, ճիշտ է: Բայց ընդհանրացումներ անելը, գտնում եմ, ճիշտ չէ:
– Կցանկանա՞ս, որ Անին լինի քո երեխաների մայրը:
– Ինչո՞ւ ոչ: Եթե գա ժամանակը, երբ զգանք, որ պատրաստ ենք, կուզենք, հետաքրքրությա՛մբ կուզենանք, հավեսով, ինչո՞ւ չէ: Եթե դա լինի իր և իմ կողմից ցանկալի վիճակ, մեծ հաճույքով:
Կարող եմ երգել նաև հայրենիքի մասին
– Անի, հիմա դու երգում ես կոնկրետ մի կերպարում, որը քեզ պարտադրում է լինել բարեձև, հագնել մարմնի բարեմասնությունները ցուցադրող զգեստներ: Չե՞ս կարծում, որ քեզ այդպես տեսնել ցանկացող երկրպագուներդ շատ արագ կմոռանան քեզ, եթե վաղը բեմում հայտնվի քեզնից ավելի ազատ, ավելի սեքսի, ավելի գեղեցիկ մի երգչուհի:
– Ես արտիստ եմ, որն ունի նախևառաջ ասելիք: Եթե կգա մի պահ, որ ես կհասկանամ, որ ֆիզիկապես չեմ կարող հագնել այսպիսի հագուստ, ես, բնական է, չեմ հագնի: Բայց արտիստի կարևորությունն այն է, որ նա կարողանա իր ասելիքը հասցնել հանդիսատեսին: Իմ ասածն այն է, որ նախ` լսիր քո սրտին: Իսկ եթե վաղը բեմ դուրս գա մեկ այլ երգչուհի, ես չեմ սկսի պայքարել նրա դեմ: Այս կյանքում յուրաքանչյուր մարդ ունի իր տեղը: Մրցակցություն ասվածը շատ լավ բան է: Ես շատ կուզեմ, որ լինեն շատ երիտասարդ երգիչ-երգչուհիներ, որոնց հետ կարող եմ համեմատվել: Բայց ես նրանց հետ չեմ պայքարում. յուրաքանչյուր արտիստ ունի իր տեղն ու իր որոշակի ասելիքը:
– Չե՞ս կարծում, որ քո մուտքը շոու-բիզնես շատ անակնկալ եղավ: Շատերը պատրաստ չէին քեզ տեսնելու: Եվ քեզ ստիպված են ընդունել, քանի որ քեզ եթեր է տրամադրում Հ1-ը: Հակառակ դեպքում կմնայիր ակումբային Շպռօտը:
– Նախ` սկզբում ես ակումբային ոլորտին ծանոթ չէի: Սկզբում դուրս եմ եկել եթեր, հետո նոր` ակումբ: Ինձ չի թվում, որ ժողովուրդն ինձ ընդունեց, որովհետև ինձ ընդունեց Հանրային հեռուստաընկերությունը: Իրականում, ես շատ շնորհակալ եմ Հ1-ին, բայց ինձ թվում է` իմ անկեղծությունն էր, որ ժողովուրդը սկսեց ինձ ընդունել: Էն արտիստը, որն անկեղծ չէ, նրան չի փրկի անգամ Հ1-ը:
– Դու ունես հզոր ձայն, որը տեղ հասցնելու համար քեզ, ամեն դեպքում, պետք է այնպիսի փաթեթավորում, որը քեզանից ակնկալում, պահանջում է ինչ-որ մի զանգված: Քո դեպքում դա բաց տեքստով խոսելն է և շատ ճչացող, կիսամերկ արտաքինը:
– Իմ ասելիքը բաց շորերը կամ կիսամերկ մարմինը չեն: Կան արտիստներ, որոնք չունեն մեծ դիապազոն, բայց երբ երգում են, հուզվում են մարդկանց սրտերը: Այսինքն` անպայման չէ, որ մարդն ունենա հզոր ձայն և համարվի արտիստ: Շատ կարևոր է ունենալ թե՛ գեղեցիկ ձայն, թե՛ զգացմունքայնություն: Եվ ամենակարևորը` մարդը պետք է լինի իր տեղում: Մադոննան, օրինակ, չունի ձայն, բայց ունի ոճ, ու ինքն այսօր աշխարհի առաջին երգչուհին է, որովհետև ունի ասելիք: Տվյալ պահին ինքը խոսում է քաղաքականությունից, ազգերից, սպիդից: Կամ` Մայքլ Ջեքսոնը: Ճիշտ է, նա վերջերս ինչ-ինչ խնդիրներ ունեցավ իրավապահների հետ, սակայն կարևորն այդ չէ, այլ այն, որ նրանցից յուրաքանչյուրը մի հետք է թողել:
– Դու նշեցիր Մադոննայի, Ջեքսոնի բարձրացրած թեմաները` քաղաքականություն, ռասիզմի դեմ պայքար, ՁԻԱՀ, ո՛չ պատերազմին և այլն: Սրանք համամարդկային խնդիրներ են, որոնց դեմ պայքարում իրենց ձայնն են միացնում նաև աստղերը: Սակայն այս թեմաներով երգում են արևմտյան երգիչները, բայց ո՛չ մեր էստրադայի հայ ներկայացուցիչները: Մեզ մոտ դոմինանտը նախ` սիրո մոտիվն է, հետո գալիս է մայրիկի թեման, դրան հաջորդում է հայրենիքի հանդեպ սիրո թեման: Վերջերս երգեր են հնչում նաև հայրիկի մասին:
– Ես կարող եմ երգել նաև հայրենիքի մասին, բայց իմ ոճով: Իմ սիրտը միշտ է երգում հայրենիքի մասին, քանի որ իմ հայրը զոհվել է իմ հայրենիքի համար: Սակայն ամեն բան իր ժամանակն ունի:
– Դու նշեցիր, որ քո ասելիքն է` լսեք ձե՛ր սրտի ձայնը: Սակայն քո քիչ թե շատ հայտնի երգերի մեջ այդ լեյտմոտիվը ինչ-որ չի նկատվում: Մեկը՝ «Խորոզս տարան», անհասկանալի էմոցիաներ է առաջացնում: Մյուսը` «Ես եմ քո մեղրը, արի ինձ կեր» երգը ավելի շուտ գաստրոնոմիական ուղղվածություն ունի կարծես: Թեև երգի ասելիքը, ոչ ոք չի կարող ժխտել, հավերժական է` մեղրն օգտակար է առողջությանը և վերականգնում է հիշողությունը:
– «Ես եմ քո մեղրը, արի ինձ կեր» երգը, եթե ուշադիր լսեիք, ու այդ ոճը ձեզ հոգեհարազատ լիներ, անհնար էր` չհասկանայիք, որ ես այդտեղ սիրո մասին եմ խոսում: Իսկական սիրո մասին: Ես դա ասում եմ իմ լեզվով: Ես չեմ ասում` օ՜, ես քեզ սիրեցի, ծաղիկները բացվեցին, գարունը եկավ, արևը շողաց… Մենք դրան ենք սովոր: Ես էդպես չեմ ասում: Իմ ասելիքն այլ է` ասում եմ` մեղր կեր, որ հիշողությունդ բացվի ու հիշես, որ սեր էլ կա, ոչ միայն սեքս: Դա է իմ լեզուն: Իմ ոճը: Երիտասարդությունը սիրում է էդ ստիլը, մեծերը` ոչ: Ինչո՞ւ: Որովհետև մեծերը սովոր են հնին, լացակումածին:
– Իհարկե, դժվար է համաձայնել քո ձևակերպմանը, թե քո այդ երգի կամ ժամանակակից շատ երգիչ-երգչուհիների երգերի ենթատեքստը ավագ սերունդը չի հասկանում, քանի որ սովոր է հնին կամ լացակումածին: Սակայն դա լրիվ այլ թեմա է: Անի, մենք նոր խոսեցինք հայրենասիրության թեմատիկայով երգերից: Ի դեպ, խմբակային հայրենասիրական երգերում, ուր արդեն մահու չափ ձանձրացրած նույն դեմքերն են, դու չկաս: Ինչո՞ւ:
– Եթե հիմա ձայնագրվեն նոր երգեր, կարծում եմ, անպայման կմասնակցեմ: Նրանց թվում էր, թե ես ձայնային տվյալներ չունեմ: Իսկ նման երգեր երգելու համար ձայն է պետք: «Երկու աստղից» հետո հասկացան, որ ես կարող եմ երգել: Բայց ես սիրով կմասնակցեմ խմբակային այդ երգերին, եթե առաջարկ ստանամ, ու շատ ավելի լավ կերգեմ, քան որոշ աստղեր: Համոզված եմ:
– Մեր շոու-բիզնեսում կա՞ն դեմքեր, որ հեղինակություն են քեզ համար:
– Մեր շոու-բիզնեսում կան ոչ միայն լավ երգիչներ, այլև լավ մարդիկ: Առաջին անձնավորությունն իմ քույրիկն է` Արմինկան (խոսքն Արմինե Նահապետյանի մասին է.– Լ.Ա.), նա ինձ համար ավելի շատ քույր է, քան ընկերուհի: Ամենից շատ նրա հետ եմ շփվում:
– Շատ երգիչների մասին, այդ թվում` նաև քո, ինտերնետային կայքերում հաճախ հայտնվում է տեղեկատվություն, որ հարում եք աղանդների: Եթե դեմ չես, անդրադառնանք այս խնդրին:
– Ես հավատում եմ Աստծուն: Ես առաջին և վերջին անգամ ուզում եմ անդրադառնալ այս թեմային և ասել` ես ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Եվ շատ նորմալ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր ավելի են խորանում:
– Այսինքն:
– Այսինքն, մարդիկ ընտրում են Աստծո ճանապարհը: Թողնում են ամեն ինչ, գնում են, սարի գլխին ապրում են Աստծո հետ: Ամեն մարդ ինքն է որոշում ինչ ոճով ապրի էս կյանքում: Որ օրը ես արթնանամ ու որոշեմ, որ ինքս ինձ պիտի նվիրեմ Աստծուն, ես կգնամ ու ինքս ինձ կնվիրեմ Աստծուն: Շատ ուրախ եմ, շատ նորմալ եմ համարում, որ կան մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն, ու բոլորին խորհուրդ եմ տալիս հավատալ Աստծուն, մեր Հիսուս Քրիստոսին:
– Հայ գործարարները որպես իրենց արտադրանքի դեմք՝ արդեն սկսել են «օգտագործել» հայ էստրադային երգիչ-երգչուհիների դեմքերը: Քեզ եղե՞լ են ինչ-որ բան գովազդելու առաջարկներ:
– Եղել են մի քանի առաջարկություններ: Եղել է առաջարկ` գովազդել տղամարդու խնամքի պարագաներ, կոշիկներ (հասկանալի է` կանանց): Սակայն առաջարկող ընկերությունները որոշակի պրոբլեմներ են ունեցել` վճարելու հետ կապված, քանի որ ես ունեմ իմ որոշակի գումարը, որը նրանց հարմար չի եղել: Ամսագրերից են եղել առաջարկներ կիսամերկ նկարվելու: Բնականաբար, պահանջեցի մեծ գումարներ, սակայն չհամաձայնեցին: Նրանք շատ ռիսկով առաջարկում են` առանց իմանալու` կարո՞ղ են վճարել, թե՞ ոչ: Սակայն ես կարծում եմ՝ կգա մի ժամանակ, երբ մեզ մոտ էլ գովազդներում կսկսեն նկարահանել աստղերին, այլ ոչ թե չմշակված ինչ-որ աղջիկների: Ինձ թվում է, մեր գովազդային շուկան աճելու տեղ ունի: Կա՛ն գեղեցիկ գովազդներ, թեև շատ են նաև չհաջողվածները:
– Լավ, Անի, դու շատ ազատ խոսում ես քո մերկ նկարների, ընկերոջդ հետ քո հարաբերությունների, ծրագրերի մասին, որոնք հասարակության համար գուցեև հետաքրքիր են, սակայն ընտանիքիդ անդամները, մասնավորապես` մայրդ, դժվար թե շատ հաճույքով լսեն, որ դու առայժմ չես մտածում երեխա ունենալու մասին: Ինչպես բոլոր հայ մամաները, նա էլ երևի ուզում է, որ ամուսնանաս, ունենաս ընտանիք, երեխաներ:
– Սկզբում, ամենասկզբում, լինում էին հակադրություններ` էսպես մի արա, էսպես արա: Սակայն անցավ ժամանակ, ես նրան ուղղակի բացատրեցի իմ յուրաքանչյուր քայլը: Երբ մի բան եմ անում, ասում եմ՝ մա՛մ, սա անում եմ, որովհետև սա էսպես է: Քանի որ իմ մաման ինձ շատ է սիրում և շատ ժամանակակից անձնավորություն է, հիմա նա լրիվ ինձ հետ է:
Հարցազրույցը՝ Լիլիթ Ավագյանի
Հ.Գ. Վերջերս լույս է տեսել Անիի առաջին CD-ն` «Ոչ պատերազմին» խորագրով: Անին պարզաբանեց, որ խոսքն ավելի շուտ մարդու ներքին պատերազմի և ներքին հաշտության մասին է: Ձայնասկավառակի տեխնիկական նկարագրությունն անել, ասել, թե քանի երգ կա և ինչի մասին են դրանք, ենթադրում ենք, իմաստ չունի: Դրանց լավ կամ վատ գնահատական տալու լավագույն ձևը ձայնասկավառակում տեղ գտած երգերը լսելն է:
«3 Միլիոն»