Արամ Գևորգյանի էջից.
Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 12-ին, անօդաչուի հարվածից զոհվեց փոխգնդապետ Արա Շահբազյանը։
Շուրջ 22 տարի ծառայելով Հայոց բանակում, Արան մինչև վերջին շունչը պայքարեց հայրենի հողի համար։
2011-2018 թվականներին նա ընտանիքի հետ տեղափոխվել էր Ջրական (Ջեբրաիլ), ապրել և ծառայել այնտեղ՝ զբաղեցնելով գումարտակի շտաբի պետի, զորամասի օպերատիվ բաժանմունքի պետի պաշտոնները: Մասնակցել է Ապրիլյան քառօրյային: 44-օրյա պատերազմի առաջին օրվանից Վայքի զորամասի հետ մեկնել է հարազատ դարձած Ջրական՝ պաշտպանելու սահմանները: Բարձրագույն հրամանատարությունը հենց նրան էր վստահել այդ պաշտպանականի ամենավտանգավոր հատվածների պաշտպանությունը։
Իր ենթական զինվորները պատմում էին, որ Արան այն հրամանատարներից էր, որ մի ձեռքին մի քանի հատ ռացիա, մյուս ձեռքին՝ զենքն ու քարտեզը, ճշգրիտ կորդինատներ էր տալիս, որոնցով էլ խոցվում էին թշնամական կուտակումներն ու տանկերը Առաջամուղի դպրոցի մոտ։ Այն նույն դպրոցի, որտեղ հաճախել էին Արայի երեխաները…
Այն վտանգավոր հատվածներում, որոնք պաշտպանում էին նրանք, թշնամին չէր կարողանում առաջխաղացում ունենալ։ Ու փոխգնդապետը հասկանում էր, որ թշնամին վաղ թե ուշ իրեն է թիրախավորելու։ Եվ այդ չարաբաստիկ օրն էլ նա զորքին ասել էր, որ իրենից հեռու կանգնեն, հրամայել էր մի քանի մետր վերև բարձրանալ։ 5 րոպե անց անօդաչուի ռումբը պայթում է միայնակ կանգանծ փոխգնդապետի կողքին…
Հավերժ փառք քեզ, հրամանատար։ Ողջ գիտակից կյանքդ նվիրեցին բանակին ու հայրենիքին ու գիտակցաբար այդ նույն կյանքդ զոհեցիր հանուն մայր հողի։