Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Դանիլով վանքում հանդիպել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։
Հանդիպմանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտնել է, թե հավատում է, որ Հայաստանը կհաղթահարի դժվարին ժամանակները Ռուսաստանի և ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությամբ, գրում է «Ռիա նովոստին»։
«Մենք միշտ զգացել ենք ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը՝ ուղղված մեր ժողովրդին և մեր եկեղեցուն։ Այսօր, ինչպես հայտնի է, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվարին ժամանակներ են։ Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ, մեր հավատքի, նաև բարեկամ երկրների՝ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ այս փորձությունը մենք նույնպես կարող ենք հաղթահարել»,- ասել է Գարեգին Երկրորդը՝ համայն ռուսիո պատրիարքին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով Մոսկվայում է, ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ։ Նախատեսված է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կրոնական առաջնորդների եռակողմ հանդիպումը։