Հին կարգի մենոնիտ մայրերի կաթը, ովքեր հավատարիմ են գյուղական ավանդական ապրելակերպին, տարածված ալերգենների, տնային փոշու եւ գյուղատնտեսական կենդանիների հետ կապված բակտերիաների դեմ ավելի շատ հակամարմիններ է պարունակում: Սա կարող է բացատրել աշխարհում ալերգիայի դեպքերի աճը, կարծում են Frontiers in Immunology ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները:
Մինչեւ 20-րդ դարի սկիզբը ալերգիաները համարվում էին բավականին հազվագյուտ հիվանդություններ, սակայն 20-րդ դարի երկրորդ քառորդից ալերգիաներով հիվանդացությունը կտրուկ աճել է: Գիտնականների հաշվարկներով՝ մինչեւ 2025 թվականը ԵՄ բնակչության կեսը կունենա այս կամ այն ալերգիան: Սակայն ավանդական գյուղական համայնքներում, ինչպիսիք են ամիշները կամ հին կարգի մենոնիտները, ալերգիայի տարածվածությունը շատ ավելի ցածր է:
Ռոչեսթերի եւ Կալիֆոռնիայի համալսարանների, ինչպես նաեւ Mount Sinai բժշկական կենտրոնի Icahn բժշկական դպրոցի հետազոտողները հավաքել են 2 շաբաթականից մինչեւ 6 ամսական երեխաներ ունեցող հին կարգի 52 մենոնիտների եւ մոտակա Ռոչեսթեր քաղաքի 29 մայրերի կրծքի կաթ:
Հարցաթերթիկների եւ հեռախոսազանգերի միջոցով նրանք պարզել են մայրերի կենսակերպը, ինչպես նաեւ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք երեխաներն ունեցել են ալերգիայի ախտանշաններ: Հետո նրանք չափել են կրծքի կաթում IgA հակամարմինների, օլիգոսախարիդների, ցիտոկինների եւ ճարպաթթուների մետաբոլիտների պարունակությունն ու ակտիվությունը, որոնք կարեւոր դեր են խաղում թոքերի եւ աղիների պաշտպանության գործում: Ռիբոսոմային ՌՆԹ-ի հաջորդականությունը հետազոտողներին թույլ է տվել պարզել, թե որ բակտերիաներն են կաթի միջոցով փոխանցվել երեխային:
Ինչպես պարզվել է, մենոնիտների շրջանում ալերգիայի դեպքերն ավելի քիչ են եղել, նրանք ավելի շատ են շփվել կենդանիների հետ, ավելի շատ են քլոր օգտագործել, եւ ավելի քիչ հակաբիոտիկներ ու թունաքիմիկատներ: Պարզվել է, որ նրանց կրծքի կաթը պարունակում է ավելի շատ IgA1 եւ IgA2 հակամարմիններ՝ գետնանուշի, ձվի սպիտակուցի, տնային փոշու եւ ձիու հարուցիչ Streptococcus equii բակտերիաների դեմ: Բացի այդ, նրանց կաթը պարունակել է ավելի շատ օլիգոսախարիդներ, ճարպաթթուներ, ինչպես նաեւ Prevotellaceae, Veillonellaceaee եւ Micrococcacea ընտանիքների մանրէներ: Ըստ հետազոտողների՝ այս բոլոր բաղադրիչներն օգնում են զարգացող աղիքային միկրոբ եւ նորածինների իմունիտետ «ծրագրավորել» եւ ապահովել նրանց պաշտպանությունը ալերգիաներից: