2021թ-ի 9 ամիսների ընթացքում հավաքագրվել է 1 տրիլիոն 137 միլիարդ հարկային եկամուտ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` հիշեցնելով, որ 2019թ–ին այդ ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 79 միլիարդ դրամ, 2020–ին` 1 տրիլիոն 16 միլիարդ։
Բադասյանը հայտնեց, որ հարկային եկամուտների 5.4 տոկոս աճը պայմանավորվել է նաև հայաստանցի աշխատողների վճարած հարկերի ավելացմամբ։ Այսպես ` 2021թ–ի օգոստոսին ՀՀ–ում գրանցված աշխատողների թիվը կազմել է 642 292 մարդ, որոնց հարկման բազան կազմել է 139.1 մլրդ դրամ։
«Միջին հարկման բազան, այսինքն` միջին աշխատավարձը կազմել է 216 665 դրամ։ Սա ևս էապես գերազանցում է 2019 և 2020թթ–ի ցուցանիշները»,– ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով` ավելացել են նաև առևտրային գործարքներից վճարվող հարկերը` թե՛ ՀԴՄ–ներով և թե՛ գործարքային փաստաթղթերով արձանագրված առևտրի դեպքերում։
«24 տոկոս կազմում է գործարքների աճը և գումարի տարբերությունը 2019թ-ի համեմատ կազմում է 24.8 մլրդ։ Մոտավորապես նույն թվերն ունենք 2020թ–ի նկատմամբ»,– ասաց նա։
Նշենք, որ պետական վիճակագրության համաձայն` այս տարի հունվար–հունիսին աշխատավարձերը ՀՀ–ում աճել են` 5.4 տոկոսով, ընդ որում`պետական հատվածում` 3.9 տոկոսով, մասնավոր հատվածում` 5.9։ Արդյունքում պետական միջին աշխատավարձն այդ ժամանակահատվածում կազմել է 168 300 դրամ, մասնավորում` 209 900։