Հաղարծին
Advertisement 1000 x 90

Հաղարծին

Պատմաբան Վահե Լոռենցի էջից:

Հաղարծինի վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա: Վանքը գտնվում է թավ անտառների մեջ. Նրա երկու կողմերում ձորակներ են, որով հոսում են Մեծ Աղբյուր և Հաղարծին գետակները:

Հաղարծին բառի երկու ստուգաբանություն կա. Առաջինը՝ հաղար, տեղի բարբառով նշանակում է վայրի կատու՝ վայրի կատուների ծննդյան վայր, երկրորդ ստուգաբանությունը՝ խաղ և արծիվ՝ արծիվների խաղ. Համաձայն ավանդույթի՝ եկեղեցու օծման ժամանակ արծիվներ են թռել և եկեղեցու գմբեթին կանգ առել…

Հաղարծինը ծաղկում ապրեց 12-13-րդ դարերում, երբ նրա վանատերը Խաչատուր վարդապետ Տարոնացին էր: Խաչատուր Տարոնացին երաժիշտ էր, բանաստեղծ: Բազում գործերի հեղինակ է: Նա այստեղ վերանորոգման աշխատանքներ կատարեց, որոշ շինություններ կառուցեց. Մասնավորապես՝ 1254 թվականին կառուցել է սբ.Գրիգորի գավիթը:

Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, երկու գավթից, սեղանատնից, աղոթարաններից:

Հաղարծինի վանական համալիրի ամենավաղ կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է: 10-րդ դարի այս կառույցը խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների դասին է պատկանում: Եկեղեցու դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով:

Եկեղեցուն արևմուտքից կից գտնվում է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը, որ կառուցվել է 1213 թվականին Իվանե Զաքարյանի կողմից՝ ի հիշատակ եղբոր՝ Զաքարեի, և որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև՝ արձանագրություններ)։

Հաղարծինի վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է: Այն գմբեթավոր դահլիճ է: Համաձայն արձանագրությունների՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․։ Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով: Կտիտորական բարձրաքանդակը արևելյան ճակատի վերնամասում է: Այստեղ պատկերված են երկու եպիսկոպոսներ, մենք ենթադրում ենք, որ նրանք եպիսկոպոսներ են, քանի որ նրանց երկու կողմերում պատկերված են գավազաններ, իսկ նրանց մեջտեղում եկեղեցու մանրակերտն է, գմբեթի վերևում էլ` արծիվ: Եվ եկեղեցու անվանումն էլ կապված է արծվի հետ:

Սուրբ Ստեփանոսը կենտրոնագմբեթ եկեղեցի է, որ կառուցվել է 1244 թվականին, ճարտարապետը Վեցիկի կողմից: Վեցիկ վարդապետը 13-րդ դարի առաջին քառորդին կառուցել է նաև Կեչառիսի վանքի Կաթողիկե եկեղեցին։ Շինարարության ավարտից շատ չանցած Վեցիկ վարդապետը երիտասարդ տարիքում մահացել է: Աճյունը գտնվում է Կեչառիսի վանքի Սուրբ Գրիրգոր Լուսավորիչ տաճարի արևելյան պատի մոտ: Վեցիկը միջնադարյան Հայաստանի այն սակավաթիվ ճարտարապետներից է, որի գերեզմանի վրա վանքի տարածքում հուշարձան-կոթող է կանգնեցվել։ Այն կերտել են Վեցիկ վարդապետի ճարտարապետ եղբայրներ Պետրոսը, Հովհաննեսը, Ազարիան (Նոր Վարագա վանքի Անապատ եկեղեցու հեղինակները): Անվանի ճարտարապետին Վեցիկ են կոչել ընտանիքում 6-րդ երեխան լինելու պատճառով:

1256 թվականին վանքի առաջնորդ Հովհաննես Արմանեցին կառուցում է վանքի ընդարձակ սեղանատունը:

Թագավորական տապանատունը կառուցվել է սբ. Գրիգոր եկեղեցու հարավային կողմում: Պահպանվել են երկու տապանաքար. մեկը՝ «Սմբատ թագավոր», մյուսը՝ “Այս է հանգստարան Գ…” մակագրություններով: Սխալ է տարածված տեսակետը, թե խոսքը Հայոց Սմբատ Բ Տիեզերակալ և Գագիկ Ա արքաների մասին է: Նախ, նրանք թաղված են Անիում, ապաև՝ նրանց մահվան ժամանակամիջոցին Հաղարծինը դեռևս կառուցված չէր: Այստեղ խոսքը Լոռվա Կյուրիկյան արքայատան գահակալների մասին է. Սմբատը Դավիթ Անհողինի որդին ու Կյուրիկե Բ արքայի գահակիցն էր, իսկ Դավիթ Անհողինի մյուս որդի Գագիկը Կախեթի թագավորն էր…

Հաղարծինի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի ուսումնագիտական մեծագույն կենտրոններից է հանդիսացել:

Հաղարծինի նշանավոր սեղանատունը գտնվում է հուշարձանի արևելյան մասում: Համաձայն արձանագրության՝ կառուցվել է 1248 թվականին՝ Մինաս ճարտարապետի կողմից: Դատելով ճարտարապետական առանձին դետալներից՝ այն կառուցվել է ավելի հին շինության, հավանաբար՝ հեթանոսական տաճարի փլատակների տեղում: ։ Այս ընդարձակ սրահի խաչավորվող կամարները պահում են քարե առաստաղը։ Նայողը չի զգում առաստաղի ծանրությունը, որովհետև վարպետորեն կառուցված կամարները թեթևությամբ են պահում։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21, 6 x 9, 5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։

Առհասարակ Հաղարծինի վանական համալիրը կառուցված է հեթանոսական հնագույն տաճարի փլատակների վրա: Դրա վկայությունները վանական համալիրի տարբեր շինությունների ճարտարապետական լուծումներն են:

Հաղարծինում նաև արեգակնային ժամացույց կա, ինչը շատ կիրառական է եղել հին և միջնադարյան Հայաստանում:

Հաղարծինի վանքը տուժել է սելջուկյան արշավանքների ժամանակ: Այն վերանորոգվել է 12-րդ դարում, իսկ 17-րդ դարում այն ամբողջապես դարձյալ վերանորոգվել է:

Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան, որ կշռում է 350 կգ և պահպանվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում, գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։



Նման նյութեր