Ներկայումս մեր տարածաշրջանն աշխարհաքաղաքական վերադասավորումների նոր թատերաբեմ է դարձել: Սակայն զուգահեռ աշխարհաքաղաքական «տեկտոնական շարժումներ» են լինում նաև Մերձավոր Արևելքում, որոնց ևս պետք է ուշադիր հետևել՝ հարմար առիթով դրանք ի շահ մեր երկրի օգտագործելու համար: Անմիջական հարևան պետություններում տեղի ունեցող զարգացումներին հատկապես զգոն է պետք լինել: Ադրբեջան-Իրան լարվածությունը նոր փուլ է մտել՝ պայմանավորված տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններով, Իրանը վերադիրքավորման հարց է լուծում: Լարվածությունը թոթափված չէ, այն հասել է ընդհուպ Իրանի ԳՇ պետի կողմից նմանօրինակ հայտարարության տարածման. «Եթե իրավիճակը թեժանա, ապա 4000 հրթիռ կարձակեն ու Բաքուն կոչնչացվի»: Գուցե սա հենց այն «հարմար առիթն է», որը կարելի է ծառայեցնել Հայաստանի շահերին: Ի վերջո, սա շատ լավ հնարավորություն է մատնացույց անել աշխարհին, որ Ադրբեջանը նախահարձակ լինող կողմ/ագրեսոր է՝ տեղեկատվական դաշտում, գոնե այս հարցում, մեկ միասնական ճակատ ձևավորելով Իրանի հետ: Հայաստան-Իրան հարաբերությունները ևս վերաթողարկման խնդիր ունեն՝ հատկապես Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու ընթացքում Իրանի հետ սխալ տարված աշխատանքի պատճառով և այս հնարավորույությունը պետք է օգտագործել: Բնականաբար, այստեղ մեր բարեկամ պետություն Իրանը ոչ թե Հայաստանին աջակցելու առաջնային հարց է լուծում, այլ նաև սեփական երկրի անվտանգային հարցերն է լուծում, քանի որ Հայաստանով տարանցիկ ճանապարհն Իրանի համար ևս կենսական նշանակություն ունի: Շահերի համընկման այս հարթակը ևս անհրաժեշտ է օգտագործել:
Վստահաբար, Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը մեկն է՝ Հայաստանը կտրել Իրանից, Իրանը կտրել Եվրոպայից, իսկ Թուրքիան կապել ոչ միայն Ադրբեջանին, այլև Կենտրոնական Ասիայի պետությունների հետ, որին վստահաբար որոշ ժամանակ անց կհաջորդի թյուրքալեզու պետությունների համատեղ ֆորում, որն էլ իր հերթին կտրանսֆորմացի թյուրքալեզու պետությունների կազմակերպության կամ ԻՎԿ-ի (Իսլամական վեհաժողով կազմակերպության) թյուրքական պետությունների ակտիվացման: Կտրվելով Իրանի հետ սահմանից, ունենալ ընդամենը մեկ սահման Վրաստանի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ-պետություն Թուրքիայից կապիտալի առումով մեծ կախում ունեցող պետություն է, բնականաբար կենսական/ռազմական նշանակության խնդիր լուծող ճանապարհ անհնար է դիտարկել: Հաշվի առնելով ողջ այս հնարավոր սցենարի քարտեզը միայն ամուր դիրքերից հանդես գալու, մեր պետական շահը պաշտպանելու և ռազմական դաշնակիցների ու գործընկերի հետ թիրախային քաղաքականության իրականացումը կարող է որոշակի արդյունք ապահովել կարճաժամկետ պլանում և նախադրյալ հանդիսալ հետագայում մեր դիրքի վերականգնման համար:
Երեկ Ադրբեջանի կողմից իրականացված նախահարձակ գործողությունները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն ընդհանրապես փոփոխության չի ենթարկվել: Եթե դիվանագիտական ու տեղեկատվական հարթակներով չկարողանանք փակել այդ գրոհը, նման ագրեսիաները, ավաղ շարունակական են լինելու: Բայց եթե կարողանանք արագ ու օպերատիվ հասնել նրան, որ մեր դաշնակից ռուսական կողմը, ԵԱՀԿ ՄԽ-ն (որի ձևաչափի փոփոոխման համար Ադրեջանը ջանք չի խնայում), ԵՄ որոշ կառույցներ, գործընկեր պետությունների առաջնորդներ կամ պաշտոնյաներ հասցեական հայտարարություններով հանդես գան, վստահաբար դա զսպող գործիք ու ճնշում կլինի Ադրբեջանի վրա, այլապես ամեն անգամ մեզ «վախեցնելու» կամ «սաստելու» նպատակով, հատկապես այս «բանակցային» գործընթացի ընթացքում, կարող ենք նման դեպքերի ականատես լինել թե Արցախի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետությունում՝ Սյունիքում, Գեղարքունիքում կամ սահմանամերձ այլ շրջաններում:
Նարինե Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջից