Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» պարտություն է հրել հանրապետության 2-րդ քաղաքում՝ Գյումրիում և Սյունիքի մարզի խոշոր համայնքներից մեկում՝ Գորիսում, որը ներառում է, որ միայն Գորիս քաղաքը, այլև Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վանանդ, Աղբուլաղ, Հարթաշեն, Շուռնուխ, Վերիշեն, Բարձրավան, Ձորակ, Որոտան, Քարահունջ բնակավայրերը։
Գյումրիում «Հայրաքաղաք» դաշինքը ստացել է 1172 ձայն, «Արժանապատի ուղի» կուսակցությունը՝ 388, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1343, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7786, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 2793, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 260, «Գյումրին կռնա» դաշինքը՝ 904, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637, «Թասիբով» դաշինքը՝ 586, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1486:
Թեև «Բալասանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն էր, սակայն դաշինքի անունից էլ է պարզ, որ նաև Բալասանյանի հեղինակությունն է օգնել դաշինքին, մինչդեռ Սամվել Բալասանյանը առողջական ծանր վիճակում է, և այժմ բացակայում է հանրապետությունից, բուժման նպատակով մեկնել է ԱՄՆ։
Ինչ վերաբերում է Գորիս համայնքին, ապա այնտեղ նախնական արդյունքներով «Առուշանյան» դաշինքը հավաքել է 2 անգամ ավելի շատ ձայն, քան ՔՊ թեկնածուն․ «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին՝ 3590 ընտրող: Հայ ազգային կոնգրեսի օգտին քվեարկել է 243 բնակիչ։
Հիշեցնենք, որ «Առուշանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանն ու նրա տեղակալ Մենուա Հովսեփյանը կալանավորված են, և չեն մասնակցել քարոզարշավին, հետևաբար, ըստ էության, ՔՊ-ին հաղթել են կալանավայրից։