Ո՞ր պատվաստանյութերն են նախընտրելի հղիների համար
Advertisement 1000 x 90

Ո՞ր պատվաստանյութերն են նախընտրելի հղիների համար

Հղի կանանց ոչ միայն թույլատրելի է կորոնավիրուսի դեմ պատվաստվելը, այլ նույնիսկ ցուցված է: Սակայն ո՞ր պատվաստանյութն արժի ընտրել:

«Երբ հարցնում են, որը ընտրենք, ես պատասխանում եմ, որը կառաջարկեն, դա էլ ընտրեք», – ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը:

Մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի խոսքով, նա խոսել է իր գործընկերների՝ իմունաբանների եւ ալերգոլոգների հետ, որ հասկանա, թե ինչու են հղիները հիմնականում նախընտրում չինական պատվաստանյութերը: Մասնագետների խոսքով, բանն այն է, որ վերջիններս ստեղծված են ոչ թե mRNA-ի հիմքով, այլ պարունակում են ինակտիվացված վիրուս, եւ դրանք նույն կերպ են իմունիտետ ձեւավորում, ինչպես բոլորիս հայտնի այլ ինակտիվացված վիրուսի հիմքով պատվաստանյութերը, որոնք կիրառվել են նաեւ մինչեւ այս պանդեմիան:

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկելոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանի խոսքով, Հայաստանում դեռ չկան ուղեցույցներ հղիների պատվաստման համար: Դրանք մշակելիս մասնագետները հիմնվելու են զարգացած երկրների ուղեցույցների վրա, ըստ որոնց, հղիների համար այնուամենայնիվ նախընտրելի են mRNA-ի հիմքի վրա պատվաստանյութերը՝ Pfizer-ն ու Moderna-ն:

Ինչ վերաբերվում է AstraZeneca-ին, Մեծ Բրիտանիայի ուղեցույցներում նախկինում նշված էր, որ եթե կինը չի իմացել, որ հղի է, եւ պատվաստվել է AstraZeneca-ով, խորհուրդ էր տրվում երկրորդ դեղաչափը ստանալ այլ պատվաստանյութ՝ mRNA հիմքով: Սակայն թարմացված ուղեցույցների համաձայն՝ եթե հղին ստացել է մեկ դեղաչափ AstraZeneca, երկրորդը եւս կարելի է այդ պրեպարատից ստանալ՝ 8 շաբաթ անց:

Մասնագետի խոսքով, կորոնավիրուսի դեմ ցանկալի է պատվաստվել մինչեւ հղիության 3 եռամսյակը, քանի որ մեծ ժամկետներում կորոնավիրուսային վարակի հետ կապված բարդությունները ավելի վտանգավոր են:

news.am