Բլից հարցազրույց Վանո Սիրադեղյանի հետ
Ինչպե՞ս կտարբերեիք հային հայերի մեջ։
Խասյաթով։
Ի՞նչ է նշանակում ապրել։
Եթե պարզ իմաստով՝ առօրյան մաքրակենցաղ կազմակերպել։
Ի՞նչն է լիակատար երջանկությունը։
Չի կարող լինել լիակատար երջանկություն։ Չի կարող լինել։ Նախ պետք է իմանալ, թե ինչ է երջանկությունը, հետո նոր լիակատարի մասին խոսել։ Երջանկությունը դժբախտության բացակայությունն է։ Իսկ դժբախտության կատարյալ բացակայություն չի լինում, որ լինի լիակատար երջանկություն։
Ինչի՞ց եք վախենում։
Դավաճանությունից։
«ԻՄ ՈՒԺԸ ԻՄ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է». մեկնաբանեք այս ասույթը։
Սովորաբար ինչքան շուտ ես իմանում թույլ տեղերդ, այնքան ապահով ես։ Ապահովությունը ուժ է։
Որո՞նք են մարդկային ներելի թերությունները։
Երևի այն թերությունները, որոնք մերձավորին, դիմացինին շատ վնաս չեն հասցնում, բացի իրեն վնաս հասցնելուց։
Բնորոշեք բարոյականությունը որպես բարդույթների և որպես արժանիքների կատեգորիա։
Բարոյականությունը բարդույթների հետ չեմ կապում։ Կար արժանիքների, արժեքների մի համակարգ, նվազագույն համակարգ, որի դեպքում բարոյականությունն ապահովված է՝ հավատարմությունը, չափավոր համեստությունը, հայրենասիրությունը կամ ավելի պարզ՝ քո տարածքի հանդեպ սերը։ Թեև տարածքին հավատարիմ մնալը հատուկ է նաև անասուններին։
Իսկ «ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ»-ը ու՞մ է բնորոշ։
Դե դա էլ անասնական է՝ որտեղ պետք է, այնտեղ է գնում։ Եվ մի բան էլ՝ քաջությունը շատ կարևոր է։ «Որտեղ հաց, այնտեղ կաց»-ը ծնվել է վախկոտ ժողովրդի համար։ Ոչ թե հացի համար են թողնում-գնում, այլ՝ վախենալուց։ Որտեղ վախենալու է ապրել, այնտեղ չեն ապրում։ Իսկ որտեղ հաց կա, այնտեղ վախենալու բան չկա. հացը ապահովված է, նշանակում է՝ կյանքն էլ է ապահովված։ Հայկական այդ ասացվածքը միայն հային չէ բնորոշ, թեկուզ հայերի մեջ է ծնվել, ուրիշ ժողովուրդներն էլ երևի ունեն նմանատիպ ասացվածքներ։ Դա ավելի շուտ վախկոտ մարդկանց փիլիսոփայությունն է։
Տղամարդկանց մեջ գնահատում եք խելքը, իսկ ի՞նչն եք գնահատում կանանց մեջ։
Մայրական զգացմունքի գերակայությունը և հավատարմությունը։
Հայտնի է, որ կնոջ տարերքն է ակնարկելը և դժգոհելը։ Որո՞նք են տղամարդու երեք տարերքները։
Աշխատանքը, սերը և երեխան։
Ինքնասիրությունը Արքիմեդի հենակետն է, որի շնորհիվ նա զորու է տեղից շարժել երկիր։ Ո՞րն է ձեր հենակետը։
Արժանապատվության զգացումը։
Համաշխարհային պատմության ո՞ր դեմքերին արժանի (կամ համապատասխան) կերպարներ են անհրաժեշտ մեր իրականությանը։
Չերչիլի, Նապոլեոնի… Այդ երկու դեպքում էլ խելքն ու խիզախությունը հիանալիորեն ներդաշնակում են։
Կարո՞ղ եք ապրել առանց հակառակորդների և որքանո՞վ են նրանք նպաստում ձեր առաջընթացին։
Դժվար է ասել, որ մարդ կարող է ապրել առանց հակառակորդների։ Նույնն է, թե ապրես առանց մթնոլորտի։ Բայց հակառակորդի գոյությունը միշտ ջղագրգիռ վիճակ է ստեղծում՝ համենայն դեպս, ինձ համար։ Ինչ որ գործունեություն ես ծավալում, ինչ որ բան ես անում ու նրանց առկայությունը խանգարում է, կոմֆորտ չեմ զգում։ Թեև իմ ապրելակերպը, իմ գործունեության ոլորտները, իմ պահվածքը չի նպաստում, որ հանդարտության մեջ լինեմ, բայց գերադասում եմ ապրել առանց թշնամիների։ Թշնամությունն իմ բանը չէ։ Հակառակությունը միշտ էլ վտանգ ունի թշնամանքի վերածվելու։ Թշնամանքը թունավորում է կյանքը։ Դրանից ես ստիմուլ չեմ ստանում։
Գուցե ձեր հակառակորդներն առաջանում են նրանից, որ ձեզ լիարժեք չե՞ն հասկանում։
Ուրեմն նախ չեն հասկանում նրանք, ովքեր չեն ներում մարդկային բնության հաջողակ լինելը՝ կանանց մոտ, կյանքում, գործի մեջ։ Դա տղամարդու դասական նախանձն է տղամարդու հանդեպ։ Եվ կարող է չեն ներում, երբ իրենք սխալվում են իրենց գնահատականներում քո հանդեպ ու չեն ներում։ Քեզ չեն ներում, փոխանակ իրենք իրենց չներեն սեփական բթամտության համար։ Մարդ հակված չէ ինքն իրեն դատապարտի իր իսկ տկարամտության համար։ Քո իրավացիության համար են մեղադրում քեզ, թշնամանում, ոչ թե մեղադրում։ Դա, հատկապես քաղաքականության մեջ, ընդունված պրակտիկա է։
Չեն կարողանում մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան. ընդունում են այնպիսին, ինչպիսին իրենք են ցանկանում։
Դե պետք է իմանան, թե մարդն ինչ է իրենից ներկայացնում, եթե չգիտեն ու ասենք, 20-30 տարի քեզ ճանաչում են իրենց պատկերացրածով, բայց եթե 31-րդ տարում պարզվեց, որ իրենք սխալվել են քո հանդեպ, դրանից երբեք ներողություն կամ հաշտություն չի դուրս գալիս՝ թշնամի էլ մնում ես իրենց համար։ Վերջին հաշվով ճանաչողությունը կապված է ուղեղի հետ։ Ամեն մարդ իր ուղեղի չափով է դատում՝ թե իրերի, թե մարդու, թե երևույթների մասին։ Իսկ եթե մարդը չգիտի, թե ինչքան ուղեղ ունի, նա չի կարող ճիշտ լինել։ Ինքն իր ուղեղի մասին մտածում է իր ուղեղի չափով, չէ՞։ Ու այդ ուղեղով էլ դատում է ուրիշների մասին։
Թվարկեք մարդ լինելու աններելի թերությունները։
Դավաճանությունը։ Ընկերության դավաճանությունը հայրենիքի դավաճանության համեմատ առանձնապես տարբերություն չեմ տեսնում։ Մի դեպքում հոդված է հասնում, մի դեպքում՝ չի հասնում։ Ընկերության մեջ դավաճանությունը ավելի ցածր բան եմ համարում… Վախկոտությունը, փոքրոգությունը, սեռին չհամապատասխանող վարքագիծը…
Նույնակա՞ն են արդյոք արդարությունը և արդարադատությունը։
Երբեք։
«ՄԱՀԱՊԱՏԻԺ ՊԵՏՔ ՉԷ ՆԵՐԵԼ»։ Որտե՞ղ կդնեք ստորակետը և շեշտը։
Կթողնեի առանց կետադրության։
Ի՞նչ են օրենքներում եղած սողանցքները։
Օրենքներում սողանցքներ թողնում են դիտավորյալ և հիմարաբար. ըստ այդմ էլ վտանգավորության չափն է։ Առաջին դեպքում պակաս վտանգավոր է, երկրորդ դեպքում՝ չարիք։ Ուրիշ բան է, եթե օրենք չկա ու այդ ժամանակ համակեցությունն ապրում է ինչ որ կանոններով։ Բայց եթե կա օրենք… օրենքի սողանցքն ավելի վտանգավոր է, քան օրենքի բացակայությունը։
Ազատության սահմանները։ Ազատություն և օրենք։ Ազատության սահմանումը։
Ազատությունն այնքան սահման պետք է ունենա, որ քո ազատությունը ուրիշի անազատություն չդառնա։ Եթե այդ սահմանը պահպանվում է, ուրեմն դա գերագույն սահմանն է ազատության։ Իսկ եթե չի պահպանվել, ուրեմն այդտեղ ազատությունը հասարակական արժեք չի։
Արդարության և արդարադատության ցանկացած բնորոշում արժեզրկվում է այն պահին, երբ սկսվում է օրենքի կիրառումը։ Ինչու՞։
Օրենքն ընդհանրապես արդարությունը և ազատությունը կանոնակարգելու համար է։ Այլ բան է, որ օրենքներով չես աշխատում։ Օրենքները մարդու ազատություններն ավելացնելու համար չեն։ Սովորաբար օրենքը հասարակությունն անհատից պաշտպանելու համար է, ավելի քիչ՝ անհատին հասարակությունից պաշտպանելու համար։ Այդ երկուսը երբ համեմատաբար ներդաշնակում են, երբ ապահովվում է փոխադարձ վնասազերծումը՝ հասարակությունն անհատից և անհատին հասարակությունից, այդ դեպքում կգործի։ Եթե չի գործում, չկա այդ ներդաշնակությունը։
Հանուն ինչի՞ կամ ու՞մ կարող եք զոհաբերել ձեզ։
Բարդ բան է։ Հերոսական ժամանակներում՝ հայրենիքի համար, ոչ հերոսական ժամանակներում՝ երեխայի համար։
Նշեք այն գրքերն ու դասականներին, որոնց համար ժամանակ չունեք և կարոտում եք։
Շերվուդ Անդերսոն, Ֆոլքներ՝ ամբողջովին, Չեխով՝ ամբողջովին, Մարկես և այդպես շարունակ…
Ունե՞ք նախըիտրած գրական հերոս։
Նախընտրած գրական հերոսներ ունենալու տարիքն անցել է իմ համար։ Գալիս է մի տարիք, երբ գրական հերոսներին թերահավատորեն ես վերաբերվում։ 40 տարեկանից գեղարվեստական գրականություն քիչ ես կարդում, սկսում ես կարդալ մեմուարներ, դոկումենտալ գրականություն, նամակներ։ Չէ, հիմա չունեմ գրական հերոս։
Ի՞նչ ասել է հայկական կինո։
«Շոռն ու Շոռշոռը», «Սարոյան եղբայրները»… Այս վիպական շարքն է հայկական կինոն։
Ձեր նախընտրած մենյուն։
Ֆրանսիական խոհանոց՝ մասնավորապես «Շատոբորիան»։ Ավելի շատ չսիրած բաներ կան, քան սիրած։
Ինչպե՞ս եք նշում ձեր ծննդյան օրը և ի՞նչ նվերներ եք ստանում, ի՞նչ նվերներ կցանկանայիք ստանալ։
Տարբեր տարիքներում՝ տարբեր կերպ։ Ուսանողական ժամանակ՝ ընկերների հետ, ավելի ուշ շրջանում, ուսանողական տարիքից դուրս գալուց հետո,՝ օրվա մի մասը ընկերների, մի մասը՝ տանը։ Հիմա հիմնականում տանը։ Նվերներ սիրում եմ ստանալ նույնքան, ինչքան նվերներ տալը։ Վերջինը երևի ավելի շատ։ Վախենալու է այն մարդը, ով նվերներ չի վերցնում, որովհետև էդ մարդը ընդունակ չէ նաև նվերներ տալու։ Դա կարևոր բան է։ Դա իմ կյանքի դիտարկումներից մեկն է, իմ փորձից է՝ ով նազուտուզ է անում նվերներ ստանալուց, նա նվեր տվող մարդ չի։ Աստծո տվածն էն է, ինչ որ մարդուն ես տալիս։ Ոնց որ բարև տաս, բարևդ չառնեն։
Ինչպիսի՞ կարգախոսներ կցանկանայիք տեսնել։
«Էս գործը հանգիստ ա սիրում»։ Մի քիչ այլ ձևակերպմամբ, բայց հանգստացնող կարգախոսներ, որ մարդիկ գործից տուն գնալիս և տնից գործի գնալիս կարդան։
«Այսօր», 10 մայիս, 1998 թ.