Դալայ լամա XIV-ը խաղաղության դարաշրջան է կանխագուշակել Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում: Նա դա հայտարարարել է Lenta.ru-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչի կհանգեցնի ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրությունը, Տենցզին Գյամցհոն նշել է. «Դոնալդ Թրամփը, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու էր, իրեն թույլ էր տալիս խոսել շատ ազատ: Բայց այժմ, երբ նա արդեն ընտրված է, նրա ուսերին մեծ պատասխանատվություն է ընկել, այժմ նա պետք է համապատասխանի շրջապատող իրականությանը… Ես կարծում եմ, որ այստեղ անհանգստանալու ոչինչ չկա»:
Դալայ լամայի կարծիքով՝ Թրամփն, ինչպես նաև աշխարհի մյուս ղեկավարները, պարզապես ընտրություն չունեն. «Եթե մենք գնանք բռնության ուղիով, ապա դա մեզ կտանի միջուկային պատերազմի, որտեղ հաղթողներ չեն լինի. բոլորը տանուլ կտան, և կտուժեն առանց բացառության բոլորը… Թերևս խելագարը կարող է ձգտել միջուկային պատերազմի: Բայց բաց հասարակությունում դա անհնարին է»: