Փաշինյանին հաղթեցին բանտից եւ հիվանդանոցից, Առուշանյանը բանտում էր, Բալասանյանը կովիդով պառկած էր հիվանդանոցում, եւ երկու տեղից էլ նա պարտվեց։ Սա նրա համար հարված էր, որովհետեւ իշխանությունը ներդրել էր իր ամբողջ ռեսուրսը եւ արդյունքում ստացել պարտություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ըստ նրա՝ ՏԻՄ ընտրությունների այս արդյունքները միանշանակ ազդելու են մյուս ընտրությունների վրա. «իշխանության համար աշխատող մարդիկ իրենց պարտությունը տեսնելուց հետո ավելի քիչ եռանդով են աշխատելու»։ Այդուհանդերձ, ըստ նրա, նոյեմբերի 14-ի ընտրությունները, որոնք կայանալու են Կապանում, Իջեւանում եւ Ստեփանավանում, կարեւոր են։
«Եթե ընդդիմությանը հաջողվի հաղթանակ տանել գոնե մեկ-երկու համայնքում, եւ հետագայում նաեւ դեկտեմբերի 5-ին որոշ համայնքներում, ապա չի բացառվում, որ հաջորդ տարի ՀՀ-ում կարող ենք ականատեսը լինել նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի արդյունքները ամբողջովին այլ կարող են լինել»,- ասել է նա։