Նյու Յորքի NYU Langone Health բժշկական կենտրոնի բժիշկները հաջողությամբ իրականացրել են խոզի երիկամի փոխպատվաստում մարդուն։
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, խոզի երիկամը պատվաստվել է մահացած ուղեղով մի կնոջ, որը միացված էր արհեստական շնչառության սարքին։ Օրգանիզմի կողմից խոզի երիկամը չընդունելու ռիսկը նվազեցնելու համար բժիշկներն օգտագործել են գենամոդիֆիկացված կենդանու երիկամ։
Փորձնական վիրահատության շրջանակում բժիշկները խոզի երիկամն ամրացրել են մարմնից դուրս խոշոր արյունատար անոթներին եւ հետեւել դրան 54 ժամ։ Այդ ամբողջ ընթացքում երիկամն աշխատել է նորմալ, զտել թափոններն ու մեզը։
Հետազոտության ղեկավար, պատվաստաբան Ռոբերտ Մոնթգոմերին ասել է, որ իրենք գործընկերների հետ չեն նկատել պատվաստված օրգանի վանման որեւէ վկայություն։ Նա նաեւ նշել է, որ կրեատինինի անոմալ մակարդակը, որը նկատվել է պացիենտի մոտ, փոխպատվաստումից հետո վերադարձել է նորմալ վիճակի։
Գործակալության տվյալներով՝ ներկայում ԱՄՆ-ում 107 000 մարդ սպասում է օրգանների փոխպատվաստման, նրանցից ավելի քան 90 000-ը հերթագրված է երիկամի պատվաստման համար։ Երիկամի սպասելու ժամանակը միջինը կազմում է 3-5 տարի։ Եթե հնարավոր լինի մարդկանց խոզի երիկամ պատվաստել, դա կարող է իսկական հեղափոխություն դառնալ փոխպատվաստումների ոլորտում եւ փրկել բազմաթիվ կյանքեր։