Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հպարտությամբ փաստեց, որ 2021 թվականին Հայաստանը կարտոֆիլի արտահանման ռեկորդ է սահմանել։
«Ռեկորդ ենք խփել․ 30 000 կարտոֆիլ է արտահանվել ՀՀ-ից։ Այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում», – ասաց նա՝ ի պատասխան հարցի, թե ճի՞շտ են գնահատականները, որ տեղական շուկայում կարտոֆիլի գնաճի պատճառը դրա մեծածավալ արտահանումն է եղել։
«Արտահանման աճը կամ դրա կապվածությունը գնաճի հետ կայանում է նրանում, որ եթե արտահանվում է կոնկրետ գնով և արտահանվող շուկայում այդ ապրանքն արժե կոնկրետ թիվ, ապա դա, բնականաբար, սինքրոնիզացնում է տեղական շուկայի գինը, այս դեպքում՝ կոնկրետ բարձրացնում է», – ասաց Էկոնոմիկայի նախարարը։
Նա հավելեց, որ ստեղծված կոնյուկտուրայում ֆերմերներին չպետք է զրկել իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, հայտնեց նաև, որ կարտոֆիլի «ռեկորդային արտահանումը» դեպի ԵԱՏՄ երկրներ է եղել՝ հրապարակելով այլ ցուցանիշներ ևս։
«Այս տարի մոտ 180 000 տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել․ 25-30 տոկոսով ավելի շատ, քան անցյալ տարվա ցուցանիշն է։ Տարին դեռ չի ավարտվել, հույս ունենք՝ կանցնեք 200 000 տոննա ցուցանիշը», – ասաց Քերոբյանը։