«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ իր տեղեկություններով` դատարանը նախնական կալանք է դրել վարչապետի աշխատակազմին նվիրած բաժնետոմսերի վրա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի կարծիքով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ–ն ունի հիմքեր` վիճարկելու Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության մասին վարչապետի աշխատակազմի հետ կնքված գործարքը։
Հակոբյանը չի շտապում խորանալ իրավական մանրուքների մեջ, սակայն կասկածներ ունի, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ի թիկունքում կանգնած է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ինչը նշանակում է, որ ընկերությունն իր ձեռքի մեջ է հավաքում ՀՀ գրեթե ամբողջ հանքարդյունաբերական ռեսուրսը, որն էլ իր հերթին մեծ ռիսկեր է պարունակում։
«Դրանցից ամենամեղմն ասեմ` ինքը դառնում է մոնոպոլ, իր ձեռքն է վերցնում դեպի Հայաստան տարադրամի ներմուծման կոճակը և կարողանում է անմիջական ազդել դրամ-դոլար հարաբերակցության վրա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Հակոբյանի տեղեկություններով` դատարանն արդեն որոշել է նախնական կալանք դնել պետությանը նվիրած բաժնեմասի վրա։ Սակայն սեպտեմբերի 29-ին այդ կալանքը հանվել է, հետո Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից նորից կալանք է դրվել։
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ–ն դիմել է դատարան` ընդդեմ Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի, Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ի ու ՀՀ վարչապետի աշխատակազմի։
Datalex.am դատական տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության մասին վարչապետի աշխատակազմի հետ կնքված գործարքը և կիրառել անվավերության հետևանքներ։ Մինչ այս հայցը, ի դեպ, «Զանգեզուր մայնինգն» արդեն դիմել էր դատարան, ընդ որում` մինչ գործարքի մասին հայտնի դառնալը` 2021 հուլիսի 7-ին։
Ընկերության հայցն ուղղված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և «Ամերիաբանկի» դեմ։ «Զանգեզուր մայնինգը» դատարանից պահանջում է վերջիններից հետ վերցնել իր բաժնետոմսերը և դրանք սեփականությա իրավունքով հանձնել իրեն` փոխանցելով իր սեփական հաշվին։ Այս հայցն արդեն ընդունվել է վարույթ։ Դատավարության մեկնարկը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է նոյեմբերի 12-ին։