Եկել են Հայաստան՝ պատվաստվելու. ինչպես անցավ պատվաստման օրը Երևանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եկել են Հայաստան՝ պատվաստվելու. ինչպես անցավ պատվաստման օրը Երևանում

«Պատվաստման օր Երևանում» ակցիայի շրջանակներում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 800 քաղաքացի, օտարերկրացիները՝ ներառյալ։ Ազատության հրապարակում երեք շարժական կետ է աշխատել։

Ցանկացողներն այնքան շատ են եղել, որ «անվավոր կլինիկաները» ստիպված են եղել նշված ժամից (11.00-18.00) ավելի երկար աշխատել։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր հոկտեմբերի 24-ին նախատեսված «Պատվաստման օր Երևանում» ակցիայի մասին։ Քաղաքացիներին անվճար հիմունքներով պատվաստում են երկրում հասանելի պատվաստանյութերով։

Բաց երկնքի տակ պատվաստվելու գաղափարին դրական են վերաբերում ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերը, ինչում Sputnik Արմենիայի թղթակիցներն անձամբ են համոզվել։ Մարդիկ պատվաստման կետերի մոտ անտրտունջ հերթ են կանգնում, թեև, իհարկե, բողոքողներ նույնպես կան։ Դժգոհությունները կապված են հիմնականում հերթի կազմակերպման հետ։

Իրանի քաղաքացիները՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանողները, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ պատվաստման իրենց հերթին են սպասում առավոտյան ժամը 11-ից։ «Առավոտից հերթ ենք կանգնած, ասում են, որ պետք է սպասենք, քանի որ նախապատվությունը Հայաստանի քաղաքացիներին է տրվում։ Պետք է այսօր պատվաստվենք, քանի որ երեք օր անց հայրենիք ենք վերադառնում»,-ասաց նրանցից մեկը։

Նույնատիպ իրավիճակում է հայտնվել նաև Ռուսաստանի քաղաքացի Ելենա Լարինան։ Աղջիկը առավոտից փորձում է ստանալ պատվաստանյութը, սակայն նրա հերթը անընդհատ հետ է ընկնում։ «Առավոտյան 11։00-ին եմ եկել, ինձ ասացին՝ 14։00-ին մոտենալ, հետո՝ 16։00-ին, ապա՝ 17։00-ին։

Հիմա գրեթե 17։15 է և ես դեռ սպասում եմ իմ հերթին։ Մեզ կարգին չեն ասում, թե երբ է մեր հերթը հասնելու»,-պարզաբանեց նա։ Լարինան արդեն մեկ տարի է, ինչ ապրում և աշխատում է Հայաստանում։ Որևէ պոլիկլինիկայի կցված չէ, ուստի պատվաստումը ստանալու այս տարբերակը, այն էլ՝ կիրակի օրը, նրա համար հիանալի տարբերակ է։

Ակցիան պատվաստման հարմար տարբերակ է նաև ՀՀ քաղաքացիների համար, որոնք ապրում և աշխատում են հայրենիքում։ Ոմանց համար, հատկապես նրանց, ովքեր ուշացրել են երկրորդ դեղաչափի ներարկումը, հանգստյան օրը լիարժեք պատվաստվելու հնարավորություն է ընձեռնվել։

«Առհասարակ, կիրակի ավելի հարմար է, ես պետք է երկրորդ դեղաչափը դեռ մեկ ամիս առաջ ստանայի, բայց տարբեր պատճառներով չէր ստացվում, իսկ այստեղ հարմար առիթ եղավ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքացի Կարեն Մնացականյանը։

Նա, ինչպես և ընկերը, որի հետ միասին եկել է պատվաստման, կարծում են, որ պոլիկլինիկայում վարակվելու վտանգն ավելի մեծ է, իսկ այստեղ՝ բաց երկնքի տակ, ռիսկերը նվազագույնի են հասնում։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները մի քանի ժամում երեք շարժական կետերում պատվաստեցին գրեթե 500 քաղաքացու։

Շարժական կետերից մեկի պատասխանատու Անդրանիկ Հարոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ միայն իրենց կետում ավելի քան 250 քաղաքացի է պատվաստվել։ Նրա խոսքով՝ առավելությունը տրվում էՀՀ քաղաքացիներին։ Այդ պատճառով օտարերկրյա քաղաքացիների մշտական հերթ կա, որտեղ նաև ազգությամբ հայեր են կանգնած։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am