Առանց ախտանշանների եւ թեթեւ ընթացքով COVID-19 ունեցող երեխաների մոտ հակամարմիններ կարող են չառաջանալ. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Առանց ախտանշանների եւ թեթեւ ընթացքով COVID-19 ունեցող երեխաների մոտ հակամարմիններ կարող են չառաջանալ. հետազոտություն

COVID-19-ից հետո երեխաները մեծահասակներից ոչ պակաս կարող են նորից վարակվել կորոնավիրուսով , մանավանդ եթե հիվանդությունը թեթեւ են տարել կամ առանց ախտանշանների։ Այսպիսի եզրակացության են եկել Մերդոկի Մանկական գիտահետազոտական ինստիտուտի (Ավստրալիա) գիտնականները։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, նոր հետազոտությունը դեռեւս չի գրախոսվել եւ հրապարակվել է վարկածների medrxiv բաց հրապարակումների կայքում։ Հետազոտությունում համեմատվել են COVID-19-ով թեթեւ կամ անախտանիշ հիվանդացած 57 երեխայի եւ 51 մեծահասակի հակամարմինների տիտրերը։ Վարակը հաստատվել է ՊՇՌ թեստավորմամբ, ինչից հետո մասնագետները 41 օրվա ընթացքում վերցրել են արյան նմուշներ բոլոր մասնակիցներից։

Բոլոր մեծահասակ պացիենտների մոտ գիտնականները նկատել են չեզոքացնող հակամարմինների զգալի աճ հիվանդության սուր պահից սկսած մինչեւ լիակատար ապաքինումը։ Բայց երեխաների մոտ հակամարմինների ավելացման դինամիկան եղել է ավելի ցածր։ Արդյունքների արժանահավատությունը հաստատվել է չորս տարբեր թեստ-համակարգերի օգնությամբ։

Հակամարմիններ գոյացել են մեծահասակ մասնակիցների 76 տոկոսի մոտ, իմունային պատասխանը բացակայում էր գերազանցապես վարակի անախտանիշ կրողների մոտ։ Երեխաների խմբում միայն 37 տոկոսի մոտ էին հակամարմիններ գոյացել։

Հետաքրքիր է, որ սերոնեգատիվ երեխաների մոտ հակամարմիններ չեն առաջացել անգամ ախտանշանների հայտնվելուց հետո 94-րդ օրը։ Նրանք չունեին նաեւ բջջային իմունային պատասխան, այն դեպքում, երբ ախտանշաններ չունեցող մեծահասակների մոտ այն առաջացել էր։

med.news.am