ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
1919 թվի մայիսի 3-ին ժամանելով Կարին (Էրզրում)՝ Քյազըմ Կարաբեքիրը Օսմանյան կայսրության կործանման փաստից ահաբեկված թրքությանը խոստանում է, որ թեկուզ մի թիզ ազատ հող էլ մնա՝ ինքը կշարունակի պայքարը հանուն թուրք ազգի պետականության վերականգնման։ Նա ուներ հստակ նպատակ, դրան հասնելու կամք, եւ համառ ու վստահություն ներշնչող քայլերով պայքարի ոգի ու հաղթանակի հույս էր ներշնչում պարտված թուրք զինվորականությանն ու անորոշության մատնված բնակչությանը, որոնք պատրաստ էին լքել Արեւմտյան Հայաստանը։
Ճնշող ու լարված մթնոլորտում (բրիտանացիները Կարսի ու Նախիջեւանի շրջանների կառավարումը հանձնում էին Հայաստանի Հանրապետությանը) ծայր առնող մահմեդականների զրույցները տարածվում էին կայծակնային արագությամբ։ Սարիղամիշի կողմերում մի հայկական վաշտ երեւալու մասին հաղորդումը տեղիք տվեց ասեկոսեների, թե հայկական բանակի տասը հազար զինվորներ կուտակվել են Կարսի ու Սարիղամիշի բարձունքների միջեւ։
Լուրեր էին շրջում նաեւ, թե Անդրանիկը զորքով Սյունիքից տեղափոխվել է Երեւան եւ 30․000-ոց բանակով գրոհելու է կա՛մ Վանը, կա՛մ Էրզրումը։ 15-րդ կորպուսի հրամանատարությունն ստանձնած Կարաբեքիրն ամեն ինչ անում է սարսափահար թուրք բնակչությանը հանգստացնելու համար։ Ուշագրավ են հայատյաց թուրք զինվորականի հետեւյալ խոսքերը․ «Հայերից մի վախեցեք, նրանք չափազանց կլանված են իրենց ֆիզիկական գոյությունը պաշտպանելու հոգսով, որպեսզի համարձակվեն հարձակում ձեռնարկել»։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից