Այս ուսումնական տարվա սկզբից՝ սեպտեմբերից, Երևանի պետական համալսարանը հրաժարվում է 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչելուց։
Ընդ որում, եթե սեպտեմբերի ընթացքում ուսանողներին ասում էին՝ սպասեն, քանի որ դեռևս վերջնական որոշում չկա, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում ուսանողներին պարզապես մերժում են։
Oragir.news-ի տեղեկություններով, ուսման վարձի խնդիրը միայն ԵՊՀ-ից կախված չէ։ Ուսման վարձը չզեղչելու որոշումը կայացվել է ՀՀ կառավարությունում, սակայն ինչպես դա հաճախ տեղի է ունենում, որոշումը դեռևս թղթային ձևակերպում չունի։ ԵՊՀ մեր աղբյուրները փոխանցում են, որ ԵՊՀ ռեկտորատին կառավարությունից խոստացած են եղել, որ որոշումը կկայացվի անցած ուրբաթ, սակայն այն չի կայացվել։ ԵՊՀ-ում սպասում են, որ որոշումը կհրապարակվի այս շաբաթ։
Ենթադրելի է, որ որոշումը չհրապարակելն ունի այլ պատճառներ, և ըստ այդմ, այն չի հրապարակվի այս շաբաթ ևս։ Բանն այն է, որ առաջիկա Փաշինյան-Ալիև հանդիպումը և փաստաթղթերի հնարավոր ստորագրումը կարող են ցնցումներ առաջացնել մեր հասարակության մեջ։ Այդ պատճառով կառավարությունը թույլ չի տա, որ ուսանողությունը, որից ինքն ամենաշատն է վախենում, դժգոհության ալիք բարձրացնի։ Պետք է նշշել, որ բուհական կրթությունը հեռավար դարձնելը ևս պայմանավորված է եղել այս հանգամանքով։ Հետևաբար, պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչը չեղարկելու մասին որոշումը կհրապարակվի այն պահին, երբ դժգոհության ալիքը հաղթահարված կլինի։
Հետաքրքիր է ԵՊՀ ուսանողական կառույցների վերաբերմունքն այս խնդրին։ Փորձեցինք կապ հաստատել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ, ով չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ լրագրողի նամակագրությունը՝ ճշտելու, թե կա՞ արդյոք նման որոշում, այդպես էլ մնացին կարդացված և անպատասխան։
Պետք է նշել նաև, որ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Հովհաննես Հովհաննիսյանի վերջին շրջանի հայտարարությունները, թե ԵՊՀ-ն արմատական փոփոխությունների է ենթարկվում, փաստորեն արդեն իրականանում են։