ԱԱԾ փոխտնօրենը տեղյակ չէ` ինչ են անում Սյունիքում ադրբեջանցիները հայկական մեքենաների հետ
Advertisement 1000 x 90

ԱԱԾ փոխտնօրենը տեղյակ չէ` ինչ են անում Սյունիքում ադրբեջանցիները հայկական մեքենաների հետ

Սյունիքի մարզի Փելա սարի հատվածում սահմանի որևէ փոփխություն չկա։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։

Դիտարկմանը, թե ռուս սահմանապահները հեռացել են սահմանի այդ հատվածից, ԱԱԾ փոխտնօրենն արձագանքեց, թե նման իրավիճակից տեղյակ չէ։

Ինչ վերաբերում է Սյունիքի ավտոճանապարհի անվտանգությանը, պաշտոնյան վստահեցրեց, որ այն միանգամայն անվտանգ է, ինչում անձամբ համոզվել է նախօրեին Սյունիքից վերադառնալիս։

«Շատ անվտանգ է։ Ճիշտ է` այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց ՀՀ քաղաքացիներին ընդհանրապես չեն անհանգստացնում»,–նշեց Հակոբյանը։

Լրագրողները ԱԱԾ փոխտնօրենին հիշեցրին մանկական ֆուտբոլային ակումբի անդամ երեխաների ավտոբուսը կանգնեցնելու ու երեխաներին սպառնալու, ինչպես նաև հայաստանյան ավտոմեքենաներին հարվածելու դեպքերը, ինչին նա պատասխանեց. «Նման տեղեկություն ես չունեմ»։

2021թ–ի սեպտեմբերի 17–ին ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել էին արցախցի երեխաների տեղափոխող ավտոբուսը:

Համացանցում երկու տեսանյութ էր տարածվել. դրանցից մեկում հայկական ավտոբուսը կանգնեցրած ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերում է Արցախի դրոշը, իսկ մյուսում երևում է, թե ինչպես է նա կանգնեցրած ավտոբուսի մեջ նստած երեխաներին «սովորեցնում», թե ումն է Արցախը։

Ավելի ուշ հայտարարվեց, որ երեխաները Արցախի ֆուտբոլի մանկական հավաքականի խաղացողներ են՝ 15-16 տարեկան։

Սեպտեմբերի 18 -ին էլ Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղավորված ադրբեջանցիներն այսօր էքսկավատորի շերեփով (ковш) հարվածել են «Ապավեն» ընկերությանը պատկանող հայկական պետհամարանիշով «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկին։

Ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը հայտարարել էր, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենց բեռնատարների վարորդներին ահաբեկում են, իջեցնում ավտոմեքենաներից, ստուգում և այլն։

armeniasputnik.am