Հայաստանը ՊՇՌ թեստեր է ձեռք բերում 850-ից մինչև 3000 դրամով. Հայկական արտադրության թեստերն այլեւս չեն օգտագործվում pastinfo.am
Advertisement 1000 x 90

Հայաստանը ՊՇՌ թեստեր է ձեռք բերում 850-ից մինչև 3000 դրամով. Հայկական արտադրության թեստերն այլեւս չեն օգտագործվում pastinfo.am

Հայաստանն այլևս չի օգտագործում տեղական արտադրության ՊՇՌ թեստեր։ Կառավարությունը թեստերը ներմուծում է, ընդ որում, որոշները նվիրատվության տեսքով, մի մասն էլ գնումներով։ Գնված թեստերի արժեքը տատանվում է 850 դրամից մինչև 3000 դրամ։ Այս մասին պաշտոնապես հայտնել է առողջապահության նախարարությունը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ո՞ր երկրի արտադրության ՊՇՌ թեստերն են օգտագործվում և ի՞նչ գնով է Հայաստանը դրանք ձեռք բերում։

Նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ-ում հիմա օգտագործվում են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Կորեայի, Բելառուսի արտադրության ՊՇՌ թեստեր ՊՇՌ թեստերը, որոնք ստացվում են որպես նվիրատվություն, մի մասն էլ ձեռք է բերվում։ Ձեռք բերված և մատակարարված թեստերն արտադրված են եղել Չինաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Բելառուսում: Թեստերի արժեքները տարբեր ժամանակաշրջաններում տատանվում են 850-ից մինչև 3000 դրամ: Նախարարությունը չի մանրամասնում, թե որքա՞ն թեստ է ձեռք բերել ամենացածր՝ 850 և ամենաբարձր՝ 3000 դրամով։ Չի ներկայացվում նաև, թե ինչպե՞ս են բաշխվում նվիրատվությամբ ՀՀ-ին ուղարկված թեստերը։

Միաժամանակ Հայաստանում թեստավորման արժեքը տատանվում է 7000-ից մինչև 20 հազար դրամ։ Հայաստանում անվճար թեստավորում իրականացվում է միայն պոլիկլինիկաներում: Մնացած դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում իրենց գրպանից մի քանի անգամ ավելի վճարել՝ թեստավորում կատարելու համար։

Հարցին, թե ամսական քանի՞ թեստ է մեր երկրում օգտագործվում, նախարարությունից կոնկրետ թիվ չեն նշել՝ հավելելով, որ ՊՇՌ թեստերի օգտագործման քանակը անմիջականորեն պայմանավորվում է կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակով: Սակայն 2021 թվականի նոյեմբերի մեկի տվյալով հիվանդության տարածման սկզբից ՀՀ-ում ընդհանուր կատարվել է 2.110.256 թեստավորում, որոնցից միայն մոտ 100 հազարն է եղել տեղական արտադրության։

Դեռևս 2020 թվականի ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը, խոսելով COVID-19 ՊՇՌ թեստերի անհրաժեշտության մասին, հայտարարել է, թե 550․000 ԱՄՆ դոլար են տրամադրելու ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, որպեսզի ստեղծվեն տեղական թեստեր, ձեռք բերվի հումքը։ Ըստ Փաշինյանի, Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր։ Հունիսի 24-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են:

Գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք նաև տեղական արտադրության թեստերով՝ խնդրելով նախարարությանը տեղեկացնել, թե դրանք ինչ ծավալով են օգտագործվում, սակայն պարզվեց, որ Հայաստանն այդպես էլ չի դարձել թեստ արտադրող երկիր։ Առողջապահության նախարարությունը հայկական թեստեր ստացել է միայն 2020 թվականին՝ ընդամենը՝ 103.155 թեստ։

Հիշեցնենք, որ ինստիտուտի տնօրենը հայտնել էր, որ 100 հազար թեստի համար կծախսվի մոտավորապես 250 հազար դոլարի կարգի գումար՝ նյութերի համար։ Վերջինս 2020-ի հուլիսի մեկին պնդում էր, որ մեկ թեստի ինքնարժեքը 2 դոլար 75 ցենտից չի անցնում։ Մինչդեռ շուրջ 100 հազար թեստ արտադրել են՝ 550.000 դոլարի դիմաց։

Կոպիտ հաշվարկով՝ արտադրված թեստերից յուրաքանչյուրի արժեքը կազմել է միջինը 5,3 դոլար։ Ստացվում է, որ հայկական արտադրության թեստը բավական թանկ է արժեցել՝ մոտավոր 2500 դրամ։

Մինչդեռ նույն ԱՆ-ի՝ Հայաստանը թեստեր է ձեռք բերել նաեւ 850 դրամով ու ստացվում է, որ անհամեմատ էժան է թեստ գնելը, քան արտադրելը, այլ խոսքով՝ 550.000 ԱՄՆ դոլարն ուղղակի վատնվել է, անարդյունավետ ծախսվել։

Հայաստանը ոչ միայն չդարձավ թեստ արտադրող, այլ այն բազմակի թանկ սեփական քաղաքացիների վրա իրացնող երկիր, քանի որ թեստերը ձեռք են բերվում 850- 3000 դրամով, սակայն իրացվում 7000-20.000 դրամով

Աղբյուր` Փաստինֆո

pastinfo.am