Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները կեղծվել են։ Քաղաքական գործիչը կարծում է, որ Վրաստանի բնակիչներն այժմ պետք է գնան Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ճանապարհով, գրում է ekhokavkaza.com-ը։
Նախկին նախագահի ուղերձը լրագրողներին է ներկայացրել նրա փաստաբան, «Մթավարի հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։
«Ի՞նչ պետք է անենք. Միայն մի բան՝ մենք պետք է ստիպենք նրանց վճարել այն գինը, որը վճարում են ինքնասեր ազգերը կեղծարար իշխանություններին: Նրանց իշխանությունը պետք է խլենք ու ամեն ինչի համար օրենքի առաջ պատասխանատվության ենթարկենք։ Այդպես վարվեց մեր հարևան Հայաստանը։ Այնտեղ Փաշինյանը կռվում էր իր կալիբրով չորս անգամ Իվանիշվիլիին գերազանցող օլիգարխի դեմ, որի թիկունքին կանգնած էր Ռուսաստանը. նրա համար նույնպես կեղծում էին ընտրություններ, բայց հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, հաղթեց։ Ավելի ու ավելի շատ մարդիկ դուրս եկան փողոցներ, և ավազակային իշխանությունները ստիպված էին հեռանալ, ստիպված եղան արտահերթ ընտրություններ նշանակել», – ասել է Սաակաշվիլին:
Իր ուղերձում քաղաքական գործիչը խոսել է նաև ուկրաինական «նարնջագույն հեղափոխության» օրինակի մասին և հավելել, որ նման հեղափոխությունների գաղափարը ծնվել է Վրաստանում։
Հոկտեմբերի 30-ին Վրաստանում կայացել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը։ Քաղաքացիներն ընտրել են 20 քաղաքների, այդ թվում՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Փոթիի և Ռուսթավիի քաղաքապետերին, ինչպես նաև 24 մեծամասնական շրջանների տեղական ժողովների (սակրեբուլոյի) պատգամավորների։
ԿԸՀ-ի տվյալներով՝ 20 քաղաքներից 19-ում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները։ Միակ քաղաքը, որտեղ հաղթել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչը, Ծալենջիխան է։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: