Վատիկանի գաղտնի արխիվներում հետազոտություն իրականացնող Վալենտինա Վարդուհի Կարախանյանը հավաքագրել է տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Հռոմի Բենեդիկտոս XV Պապի նվիրակը տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին և փորձել դադարեցնել այն: Ինչպես հետազոտողը պատմել է Rome Reports-ին, որ պատրաստվող գրքի գլխավոր դերակատարներից է Հռոմի Պապի ներկայացու ցիչ, կարդինալ Անգելո Մարիա Դոլչին, ով Հայոց ցեղասպանության տարիներին փորձել է մոբիլիզացնել Կոստանդնուպոլսում դիվանագիտական կորպուսը, դատապարտել է կատարվող դեպքերն ու թեպետ առանց հաջողության, սակայն այդ խնդրով հասել է անգամ մինչև սուլթան:
«Մենք փորձել ենք դասավորել փաստաթղթերն այնպես, որ դրանք իրենցով արդեն փաստեն հայերի կոտորածի մասին: Գրքի դերակատարների շարքում են հայեր, եպիսկոպոսներ, նվիրակներ և դեսպաններ, ովքեր ապրել են կամ ականատեսն են եղել 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը»,- նշում է Վալենտինա Կարախանյանը: Նա պատմում է, որ Վատիկանն այդ տարիներին արել է հնարավոր և անհնար ամեն բան, քանի որ Նվիրակը հանդիպել է անգամ նրանց հետ, ովքեր դուրս են դիվանագիտական շրջանակից: «Պատվիրակը իրավունք չի ունեցել դիմել շատ մարմինների: Սակայն նա գնացել է և ցույց է տվել պատվի րակության մասնավոր փաստաթղթեր, քանի որ սուլթանին հասնելու համար անհրաժեշտ էր ցույց տալ Հռոմի Պապի ստորագրությունը: Նա հանդիպել է նախարարների, գլխավոր վեզիրի և սուլթանի հետ: Նա խոսել է Պապի և Սուրբ Աթոռի անունից, քանի որ վստահ էր, որ Հռոմի Բենեդիկտոս XV պապը ցանկանում էր օգնել և փրկել այս ժողովրդին»,- հայտնում է Կարախանյանը:
Վատիկանի գաղտնի արխիվից գտած նյութերում կան այդ տարիներին արձանագրված փաստեր սեփական տներից վտարված քրիստոնյաների ոչնչացման վերաբերյալ: «Որոշ տարածքներում նրանք կոտորվում էին, մյուսները տարհանվում էին անհայտ ուղղություններով` ճանապարհներին թողնվելով մահվան: Կային մայրեր, ովքեր անգամ վաճառում էին սեփական երեխաներին` նրանց մահվանից պաշտպանելու նպատակով»,- պատմում է Վալենտինա Կարախանյանը: Նա նշում է, որ Հռոմի Պապի պատվիրակը գիտակցում է, որ դեպքերն ուղղված են ոչ թե միայն հայերի, այլ այդ տարածքում բնակվող քրիստոնյաների դեմ: