Անկախության օրվա առիթով բյուջեից գումար չի ծախսվել. Արայիկ Հարությունյան
Advertisement 1000 x 90

Անկախության օրվա առիթով բյուջեից գումար չի ծախսվել. Արայիկ Հարությունյան

Հայաստանի Անկախության տոնի առիթով պետբյուջեից ծախսվել է 0 դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանի հայտարարություններին:

«ՀՀ պետական բյուջեով այս տարի Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել; Որտեղ հնարավորություն ունենք, գործընկերների հետ իրականացնում ենք ծրագիր, որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի բյուջեի վրա»,-ասաց Հարությունյանը:

Իսկ ինչ վերաբերում է Քաղաքացու օրվան, որի համար, ըստ Աղվան Վարդանյանի, հատկացվելու է 40 մլն դրամ, Հարությունյանն ասաց. «Մենք ամեն տարի պետք է նշենք, ասեմ ավելին, հնարավորության դեպքում այդ բյուջեն պետք է ավելացնենք, որովհետև, ի տարբերություն ձեր իշխանության տարիների, քաղաքացին մեր գերագույն արժեքն է; Եվ քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը քաղաքական կյանքում: Այո, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն ու չենք նշելու, մենք չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն, սա այլ արժեհամակարգ կրող քաղաքական ուժերինն է, մենք նշելու ենք քաղաքացու տոնն ու ավելի մեծ շուքով»,- ասաց Հարությունյանը:

Աղվան Վարդանյանն էլ արձագանքեց՝ եթե կարողանում են 1,2 մլրդ հայթայթել ու նշել Անկախության օրը, ապա դժվար չէր լինի 40 մլն էլ հայթայթել ու «Քաղաքացու օրը» նշել: Պատգամավորը պնդեց, թե Անկախության օրը ծախսվել է առավելագույնը 400- 450 մլն դրամ: «Գումարներն ինչ են եղել, չգիտեմ: Ովքե՞ր են այդ ծախսերն իրականացրել, կարծում եմ հանրայնացնելու ձևերը կան: Եվ ինչ առնչություն ունի աշխատակազմի ղեկավարն այդ միջոցառման կազմակերպիչների հետ, դա ևս հայտնի է»,-ասաց պատգամավորը:

Արայիկ Հարությունյանն էլ արձագանքեց, որ Վարդանյանը իրավական առումով կարող է խնդիրներ ունենալ, եթե չհրապարակի այդ աղբյուրներն ու իր առնչություններն այդ ֆինանսավորողների հետ: «Խնդրում եմ դա անել: Այլապես այլ հարաբերություններով կճշտենք այդ հարցը»,- ասաց նա:



Նման նյութեր