Հայ պատանիների ստեղծած կայքը կօգնի մեդիագրագետ լինել
Advertisement 1000 x 90

Հայ պատանիների ստեղծած կայքը կօգնի մեդիագրագետ լինել

Հայաստանի տարբեր մարզերից 4 պատանիներ հավաքվել են ընդհանուր գաղափարի շուրջ և ստեղծել  կայք, որն օգնելու է բոլորին լինել մեդիագրագետ և պաշտպանել անձնական տվյալները համացանցում։ Կայքը հիմնադրել են 4 պատանիներ, ովքեր նպատակ ունեն Հայաստանում կրթել մեդիագրագետ հասարակություն։ Այս փոքրիկ քայլով նրանք օգնում են մարդկանց՝ լինել տեղեկացված և պաշտպանված։

Թիմի անդամներից Ժաննա Հարությունյանն Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղից  է՝ գրաֆիկ դիզայներ և ծրագրավորող։  Նրա հետ թիմում են նաև Անի Ջանվելյանը՝ ծրագրավորող և գրաֆիկ դիզայներ Վանաձորից, և Վարդենիսի ավագ դպրոցի լաբորատորիայից Արա Արզոյանը և Տիգրան Կոստանյանը, որոնք երկուսն էլ  ծրագրավորողներ են։ Թիմը միավորվել  է Ժաննայի գաղափարի շուրջ, և պատանիները միասին պատրաստել են կայքը։

«Հուլիսի 2-5-ը Դիլիջանում տեղի ունեցավ մեդիագրագիտության հեքեթոն։ 30 մասնակիցները ներկայացնում էին իրենց գաղափարները, որոնցից ընտրվեցին 6 լավագույն գաղափարները և այդ գաղափարների շուրջ կազմվեցին թիմեր։ Դիլիջանում անցկացրած 3 օրերի ընթացքում  մենք պատրաստի պրոդուկտ ստացանք և ներկայացրինք ժյուրիին։

Մեր նպատակն է՝ այս կայքի միջոցով մեդիագրագետ հասարակություն կրթել։ Մենք թիմում 4 հոգի ենք Հայաստանի տարբեր մարզերից։ Մենք կազմել ենք մի ցանց, աշխատել ենք օնլայն և ընդամենը մի քանի օրվա ընթացքում ստացել ենք կայքը»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Ժաննա Հարությունյանը։

Կայքը կոչվում է Mediaavdvisor և օգնում է ճիշտ կողմնորոշվել տեղեկատվական դաշտում։ «Մենք հանդիսանում ենք մեդիա խորհրդատու  հայ հասարակության համար։
Կայքի նպատակն է՝ բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը։ Կայքը  կօգնի լինել մեդիագրագետ, ճիշտ քաղել տեղեկությունը՝ չնպաստելով ապատեղեկատվության տարծմանը։ Էջում կա ծնողական հսկողություն բաժին, որի նպատակն է՝ ծնողների համար ստեղծել ապահով միջավայր՝ զերծ պահելով նոր
սպառնալիքներից և մտահոգություններից, երբ երեխաները հասանելի են կայքում։ Մենք օգնում ենք մարդկանց լինել տեղեկացված»,- ասում են նախագծի հեղինակները։

Կայքն ունի 4 հիմնական բաժիններ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է լուծել ինչ-որ խնդիր։ Այդ բաժիններն են մեդիագրագիտությունը, ծնողական հսկողությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և մեդիագրադարանը։

Մեդիագրադարան բաժնում կարող եք գտնել համացանցի ամբողջ ինֆորմացիան մեդիագրագիտության մասին։ «Այստեղ ունենք ձեռնարկներ և նյութեր։ Մարդիկ, ովքեր ուզում են ծանոթանալ մեդիագրագիտությանը կամ կարդալ նյութեր համացանցում, փնտրելու փոխարեն՝ կարող են այցելել մեր կայք և գտնել  այն, ինչ ուզում են»։

Մեդիագրագիտություն բաժնում պատանիները ներկայացնում են հոդվածներ ոլորտին առնչվող թեմաներով։

«Վերջին տարիներին սոցիալական մեդիան լիովին ինտեգրվել է մեր կյանք, օրվա ժամանակի մեծ մասը մենք անցկացնում ենք սոցիալական ցանցերում, և դա հենց այն գլխավոր պատճառն է, ինչի համար պետք է կարողանալ ճանաչել, վերլուծել և պաշտպանվել մեդիայից։ Չէ՞ որ, չնայած նրան, որ այն շատ օգուտներ է տալիս, վնասները ևս քիչ քանակությամբ չեն»,- ասվում է կայքում։

Պատանիները ուշադրություն են դարձրել նաև ծնողական վերահսկողությանը։

«Ինտերնետի և բջջային տեխնոլոգիաների զարգացումը, երեխաներին հասանելի լինելը ծնողների համար ստեղծում են նոր սպառնալիքներ և մտահոգություններ: Բավական դժվար է ստուգել, թե ում հետ է երեխան շփվում, ինչ կայքեր է այցելում, ինչ տեսանյութեր է դիտում: Բայց մեդիա բովանդակության հասանելիություն ապահովող տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ ստեղծվում են նաև համակարգեր ծնողների վերահսկողության և երեխաների և դեռահասների համար առցանց միջավայր ստեղծելու համար։

Կայքում մենք օգնելու ենք ծնողներին անել այնպես, որ երեխան չդիտի այնպիսի բովանդակություն, որը կարող է խանգարել իրեն։ Ծնողը մեր առաջարկած բրուզերների օգնությամբ կարող է այնպես անել, որ երեխան մուտք չգործի այնպիսի կայքեր, որոնք ծնողները բացառել են»,- նշում են կայքի հեղինակները։

Անձնական տվյալների պաշտպանության բաժնում խոսվում է տվյալների պաշտպանվածության կարևորության, միջոցների և հետևանքների մասին։ «Կարևորում ենք սոցցանցերում անվտանգության պաշտպանությունը, քանի որ պատերազմից հետո մենք հասկացանք, որ մեր պարտության պատճառներից մեկը մեդիագրագետ չլինելն էր, քանի որ համացանցում հայտնվում էին այնպիսի նյութեր, որոնք շատ ժամանակ վնասում էին մեզ։

Այս բաժնում մենք խոսում ենք այն մասին, թե, օրինակ, ինչպես միացնել երկփուլային անվտանգությունը սոցցանցերում։ Հիմա ունենք տեքստային բաժին, բայց շուտով լինելու են նաև դասեր տեսանյութերի տեսքով»։

Այս օրերին ընթանում է «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ Ժաննան և ընկերները ներկայացնում են իրենց կայքը։ Պատանիները արդեն ստացել են շատ դրական արձագանքներ և նրանց հատկապես ոգևորել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի արձագանքը։

«Սամվել Մարտիրոսյանը բավականին հավանեց մեր պրոդուկտը և ասաց, որ այն շատ օգտակար կլինի, քանի որ շուտով մեդիագրագիտության շաբաթ է լինելու և դպրոցներում կազմակերպվելու  են մեդիագրագիտության սեմինարներ»։

Պատանիները շահույթ չեն հետապնդում, ամեն ինչ անում են կամավոր սկզբունքով և ցանկանում են, որ իրենց գործունեությունը ձևական բնույթ չկրի, ու իրենք կարողանան օգնել քիչ թե շատ մեդիագրագետ հասարակության ստեղծմանը։

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր