Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան «Միրայֆ» նախագծի եւ ջազային-էստրադային խմբի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Գրիր ինձ …» խորագիրը կրող յուրօրինակ համերգով: Մերաբովայի հետ ելույթ կունենա նաեւ տաղանդավոր երգիչ, երգահան Նոդար Ռեւիան:
Մերաբովան նշում է. «Հայրենիքում ունեցած յուրաքանչյուր համերգ ինձ համար երջանկություն է, ես սրտի թրթիռով եմ սպասում այդ համերգներին: Ինչ վերաբերում է այս համերգին, սա մեծամասշտաբ մենահամերգն է ֆիլհարմոնիայի բեմում՝ առաջին անգամ առանց ամուսնուս՝ Արմեն Մերաբովի: Մինչ այս մենք բազմիցս հանդես ենք եկել այս հրաշալի ու պատմական բեմի վրա՝ ձեռք ձեռքի տված: Բայց իմ անձնական կորուստն ինձ չընկղմեց վշտի մեջ, որովհետեւ որպես հավատացյալ մարդ՝ ես հավատում եմ հավերժական կյանքի ու հավերժական սիրո գոյությանը: Ինձ հետ է նրա երաժշտությունը, որը շարունակում է հնչել, ինչը նշանակում է, որ ամեն դեպքում ես Արմենի հետ եմ, մենք բեմի վրա ենք»:
«Ես գալիս եմ իմ հայրենիք ամենածանր ժամանակահատվածում: Չեմ կարող ասել, թե պատերազմն ավարտվել է: Իրավիճակն ինձ համար հրեշավոր է, հանցավոր: Եվ ձևացնել, թե պատերազմն ավարտվել է, թե պետք է կատարվածի մասին արագ մոռանալ, հապշտապ ջնջել հիշողությունից կամ հրաժարվել ինչ-որ բաներից, ես չեմ պատրաստվում: Այն ինձ խորապես խոցում է՝ իբրև հայուհու: Ես նույնքան ծանր եմ տանում Ղարաբաղի հայերի վիշտը, որքան որ ծանր կտանեի ցանկացած այլ ժողովրդինը, եթե նրան վիճակվեր նման ճակատագիր: Դժբախտությունը պիտի համախմբի հայերին, ոչ թե մասնատի: Իմ համերգը համախմբվելու կոչ է՝ ուղղված համայն հայությանը»,- նշել է նա։