Աշխարհի մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Տոնի մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ազգագրագետ Կարինե Բազեյանը: «Հայաստանում հին Նոր տարին նշելը հայկական մշակույթի մաս չի կազմել, այն մեզ է փոխանցվել ռուսներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ազգագրագետը:
Կարինե Բազեյանն ընդգծեց, որ հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է, և հունվարի 13-ը, բնականաբար, համապատասխանում է դեկտեմբերի 31-ին: «Հին և նոր տոմարով Նոր տարիների բաժանումն ուշ շրջանի ավանդույթ է: Մեր ավանդական ծիսական շարքում այն գոյություն չի ունեցել, քանի որ նոր տոմարը մենք ընդունել ենք 1923 թվականին»,-ասաց ազգագրագետը:
Հունվարի 1-ը որպես նոր տարվա սկիզբ ընդունվել է Հուլիոս կեսարի կողմից մ.թ.ա 45 թվականին: Մինչ այդ աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են նշել Նոր տարին:
«Հուլյան տոմարով տարին հաշվվում էր 365 օր և 6 ժամ, իսկ աստղաբաշխական տարին կազմում էր 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան: 11 րոպե 14 վայրկյանի տարբերություն կար: Տարիների ընթացքում տարբերությունը դարձավ տասը օր և խախտվեց բոլոր տոների հաշվարկների ցանկը, ուստի Գրիգորիոս 13-րդը մասնագետների միջոցով նոր հաշվարկ իրականացրեց: 1582 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ը ընդունվեց ոչ թե հաջորդական 5, այլ հոկտեմբերի 15: Գումարվեց տասը օրը, և այս նոր տոմարը, որն ընդունվեց կաթոլիկ եկեղեցիների կողմից, կոչվեց «Գրիգորյան տոմար», և այն ժամանակի ընթացքում ճանաչվեց որպես հիմնական տոմար»,-պատմեց ազգագրագետը:
Կարինե Բազեյանը նշեց, որ Հայաստանում Նոր տարին ընտանեկան տոն է համարվում, որի խորհուրդը մեծահասակների հանդեպ հարգանք դրսևորելն է:
Տարիների ընթացքում հին տոմարով Նոր տարին ընդունվեց նաև Հայաստանում:
«Քանի որ հին Նոր տարին արհեստականորեն ձևավորված տոն է, մենք չունենք հատուկ կերակրատեսակներ կամ տոնելու արարողակարգ»,-շեշտեց Բազեյանը:
Ազգագրագետի խոսքով`հայերը միշտ փորձում են ամեն ինչում ազգայինը գտնել, սակայն միշտ չէ, որ հաջողվում է: «Եթե չենք գտնում ազգային մոտիվներ, չի նշանակում, թե պետք չէ ընդունել և տեղայնացնել տարբեր տոները»,-շեշտեց Կարինե Բազեյանը:
Հայաստանում հին Նոր տարին նշվում է, թեև իր «հեղինակությամբ» չի հավասարվում ավանդական Ամանորին: Հեռուստատեսությամբ եթեր են հեռարձակվում տոնական` ամանորյա հաղորդումները: Տոնական եղևնին` տոնածառը, զարդարում է բնակարանները նաև հին Նոր տարուն: