Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Մանե Գեւորգյանը եւ ո՞վ կփոխարինի նրան. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Մանե Գեւորգյանը եւ ո՞վ կփոխարինի նրան. armdaily.am

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը ազատվել է աշխատանքից։ Նա գրառում էր արել ֆեյսբուքի իր էջում ՝ հայցելով ներողություն բոլոր նրանցից, որոնց հույսերը չի արդարացրել։ Թեեւ Գեւորգյանը նշել է, որ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, բայց մեր տեղեկություններով՝ վարչապետն է հորդորել նրան հեռանալ։

Նկատենք, որ Գեւորգյանի պաշտոնավարման ժամանակ պարբերաբար լուրեր շրջանառվել են նրա հեռանալու մասին, սակայն այս կամ այն պատճառով դրանք իրականություն չեն դարձել։ Այժմ, ինչպես ասում են, դանակը ոսկորին է հասել։ Գեւորգյանի հեռացման պատճառը օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի «կիքսերն» են։ Հարցազրույցում բազմաթիվ կիքսեր են եղել, անորակ, վատ կադրեր, մոնտաժային սխալներ, դրանից բացի՝ վարչապետի պաշտոնական էջում սպասվող հաղորդման վերաբերյալ սխալ անոնս է տեղադրվել, իսկ հաղորդումը հեռուստատեսությամբ և օնլայն հեռարձակմամբ ուրիշ կադրերով են եղել։ Այս ամենից հետո իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ Փաշինյանին ասել են, որ խոսնակը տապալում է ամբողջ աշխատանքը, ոչ լրատվամիջոցների հետ է նորմալ աշխատում, ոչ Փաշինյանի գործունեության լուսաբանմամբ զբաղվում։ Հենց հարցազրույցի գիշերն էլ Փաշինյանը Գեւորգյանին հորդորել է դիմում գրել, քանի որ «նա միայն խնդիրներ է ստեղծում»։

Փորձեցինք Մանե Գեւորգյանից ճշտել, թե որն էր աշխատանքից ազատման պատճառը, բայց ինչպես պաշտոնյա եղած ժամանակ, այնպես էլ դրանից հետո նա չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ցանկանում էինք նաեւ հետաքրքրվել, թե հնարավոր է Մանե Գեւորգյանը այժմ զբաղվի մոդելային կարիերայով, սակայն այս հարցը եւս անպատասխան մնաց։

Հիշեցնենք, որ Գեւորգյանը մի առիթով հպարտացել էր իր մոդելային արտաքինով՝ նշելով. «Ես իսկապես նման եմ մոդելի, բայց դա ինձ չի դարձնում պակաս ինտելեկտուալ»։

Ի դեպ, այժմ լուրեր են շրջանառվում, որ վարչապետի խոսնակ կարող է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ Վերջինս ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ նման խոսակցություն անգամ չկա։

Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ վարչապետի խոսնակի թեկնածու դեռ չկա, գործադիրում փնտրտուքների մեջ են։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հավակնում է դառնալ ամենաշատ խոսնակներ փոխած վարչապետը։ Իր պաշտոնավարման երեք տարում նա երեք խոսնակ է փոխել՝ Արման Եղոյան, Վլադիմիր Կարապետյան եւ արդեն Մանե Գեւորգյան, մինչ այդ եւս բազմաթիվ խոսնակներ է ունեցել։

Հանուն արդարության, խոսնակների փոփոխությունը չի ազդել վարչապետի աշխատանքների լավ լուսաբանման վրա, այս ընթացքում պարբերաբար բազմաթիվ «կիքսեր» են եղել, որոնց համար տարբեր մարդիկ պատժվել են։

armdaily.am



Նման նյութեր