Վանո Սիրադեղյան-75» նախագծի մեկնարկին ընդառաջ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան նախաձեռնել է կլոր սեղան, որը վարում է ավագ դպրոցի դասավանդող, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը: Մասնակիցների թվում են ավագ դպրոցի սովորողներ, քոլեջի ուսանողներ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողներ:
Կլոր սեղանի թեման է՝ «Վանո Սիրադեղյան պետական, կուսակցական գործիչը, գրողն ու հրապարակախոսը»: Կլոր սեղանի մասնակիցների թվում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Փաշինյանը: Իր զեկուցման մեջ նա Վանո Սիրադեղյանին որակել է Հայաստանի Հանրապետության ամենաառեղծվածային եւ շատ մեծ գործունեություն վարած քաղաքական գործիչներից մեկը: «Շատերն են ասում, որ նա մեր քաղաքական պատմության մեջ եղել է հակասական կերպար: Նրա մասին ժողովրդի կողմից եղել են տարբեր ընկալումներ և կարծիքներ: Նա ե՛ւ կապվում է մի շարք քաղաքական սպանությունների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ, ե՛ւ կապվում է կարևոր եւ լավ քաղաքական գործիչ լինելու, ճիշտ ճանապարհով գնալու եւ լավագույն արձակագիր լինելու հետ:
Մինչև մահը Վանո Սիրադեղյանը գտնվել է միջազգային հետախուզման մեջ: 1999 թ. փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թ. մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով: 1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թ. ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդել է Վանո Սիրադեղյանի փախուստը, ինչից մղվել է նրա միջազգային հետախուզումը մինչև մահ»,-գրել է վարչապետի դուստրը:
Ամբողջությամբ՝ aravot.am