Սեւ պղպեղն օգնում է դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը։ Նման կարծիք են հայտնել ՌԴ ԳԱ ցիտոլոգիայի ինստիտուտի եւ Պաստերի անվան Սանկտ Պետերբուրգի համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները։
«Վեդոմոստի»-ի հաղորդմամբ՝ գիտական աշխատանքի հեղինակներից մեկը՝ Օլգա Օստրումովան, բացատրել է, որ դեղամիջոցները, որոնք արգելափակում են մարդու բջջի մակերեսի սպիտակուցները, օգնում են դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը։
Հետազոտության համար փորձագետներն ընտրել են 20 տարբեր ալկալոիդներ, որոնք նրանք փորձարկել են վիրուսային եւ բջջային մեմբրանի մոդելների վրա: «Դրա համար օգտագործվել են բուսական ծագման ալկալոիդներ։ Օրինակ՝ ամենաարդյունավետ միացությունը՝ պիպերինը, պարունակվում է սեւ պղպեղի մեջ, հայտնի է վաղուց եւ օգտագործվում է որպես կենսաակտիվ հավելումների մաս՝ տարբեր բժշկական նպատակներով»,-ասել է Օստրումովան։
Նրա խոսքով՝ պիպերինի ազդեցության արդյունքում վիրուսի թաղանթը կորցնում է մարդու բջիջների մեմբրաններին միաձուլվելու ունակությունը, ինչի արդյունքում վարակը չի թափանցում դրանց մեջ։ Այս գործընթացի միջոցով դադարեցվում է COVID-19-ի տարածումը։