Նոր խաղատների բացման հետ կապված իշխանությունների ցինիզմը սահմաններ չունի
Advertisement 1000 x 90

Նոր խաղատների բացման հետ կապված իշխանությունների ցինիզմը սահմաններ չունի

Երկար ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները նշում էին, որ լրատվամիջոցներում անհրաժեշտ է արգելել բուքմեյքերական գրասենյակների, կազինոների, շահումով խաղերը և այլնի գովազդը։ «Քաղաքացիական պայմանագրի» մի շարք ներկայացուցիչների սրտաճմլիկ հայտարարություններն ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների հասան այն աստիճանի, որ շատերը կարծեցին, թե գործող իշխանությունը որոշել է էլ ավելի սահմանափակել խաղատների գործունեությունը Հայաստանում, սակայն պարզվում է, որ սա Փաշինյանի իշխանությունների հերթական անգամ սովորական փարիսեցիություն էր:

Պարզվեց, որ նրանք շահագրգռված են փակել բուքմեյքերների գրասենյակները, որպեսզի օնլայն խաղերը զարգանան ու ծաղկեն։ Բացի այդ, լրատվամիջոցներով այս ոլորտի գովազդը սահմանափակելը յուրօրինակ տնտեսական գործիք էր ԶԼՄ-ների դեմ։

Այս ամենը բացահայտվում է բառացիորեն այս օրերին, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով ցանկանում է փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, ինչը թույլ է տալու խաղատներ բացել շատ մարզերում։ Ինչպես գիտեք, այս օրենքով խաղատների շահագործումը թույլատրվում է միայն Ծաղկաձորում, Ջերմուկում և Սևանում, և այժմ կառավարությունն առաջարկում է ընդլայնել այս ցանկը և թույլատրել խաղատներ բացել նաև այլ զբոսաշրջային կենտրոններում։

Փաստորեն, ստացվում է, որ իշխանությունը մի կողմից ցանկանում է ընդլայնել խաղատների ցանցը, մյուս կողմից՝ արգելել նրանց գովազդը լրատվամիջոցներում, ինչը նշանակում է, որ այս իշխանությունը փարիսեցիական մոտեցում է ցուցաբերում ցանկացած խնդրի լուծման վերաբերյալ։ Մի կողմից իրենք ցանկանում են այս ոլորտը զարգացնել, սիկ մյուս կողմից պատժել ԶԼՄ-ներին։

Հայտնի է, որ կազինոների և նմանատիպ այլ ոլորտների զարգացումը խթանում են հիմնականում այն երկրները որտեղ տնտեսությունը քայքայված է, հասարակությունը բարոյալքված, և կարևոր չէ, թե տնտեսության որ ճյուղից է կառավարությունը մտադիր ապագայում հարկեր հավաքել։ Տրամաբանական է, որ երկրներն իրենց զարգացման առաջին փուլում աջակցում են խաղային բիզնեսի տարածմանը և զարգացմանը, բայց որոշակի պահի սահմանափակում են դրա զարգացումը։

Օրինակ՝ Թուրքիան արգելել է իր տարածքում խաղատների գործունեյությունը, բայց հարեւան Վրաստանում, Իսկ ավելի կոնկրետ Աջարիայում խաղատների ստեղծմանն աջակցում է։ Արդյունքում թուրքերը կարող են բավարարել իրենց «խաղային կարիքները», բայց մյուս կողմից դա նրանց հաջողվում է անել ոչ թե սեփական երկրում, այլ հարեւան Վրաստանում։ Ըստ էության, կարելի է ասել, որ ներկայիս իշխանությունն իր գործունեությամբ փորձում է Հայաստանը տանել այս ուղղությամբ, սակայն, մյուս կողմից, ցինիկաբար բարոյախրատական ելույթներ է ունենում լրատվամիջոցների առաջ՝ հիմնավորելով, թե ինչու պետք է սահմանափակել լրատվամիջոցներում այս ոլորտի գովազդը։

Դրանից հետո մնում է միայն ասել, որ հավելյալ մեկնաբանությունների կարիք ուղղակի չկա, քանի որ իշխանությունն ինքն է «ինքնաբացահայտում» իր իրական էությունը։

Սա՛ է իրականությունը:

zham.am