Կրակի հետ են խաղում. ՌԴ ԱԳՆ-ն` Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողությունների մասին
Advertisement 1000 x 90

Կրակի հետ են խաղում. ՌԴ ԱԳՆ-ն` Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողությունների մասին

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունների հետ կապված իրավիճակը «կրակի հետ խաղ» է որակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա ասել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սև ծովի իրադրությամբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի չդադարող սադրանքների պատճառով:

«Ի՞նչ գործ ունեն ամերիկյան նավերը Սև ծովում՝ իրենց տեղակայման կետերից հազարավոր մղոններ հեռավորության վրա։ Բացատրությունները, թե այս ամենը հանուն ազատ նավարկության է արվում, չեն գործում։ Այս ամենը կրակի հետ խաղ է, սա մեր դիմացկունության փորձարկում է», – նշել է Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանությունը հուսալի է, Մոսկվան տեսնում է այդ մտահղացումներն ու պատրաստ է հակահարված տալ։

Ռյաբկովը նաև ընդգծել է, որ իրենց գործընկերները չեն ուզում գիտակցել ակնհայտը բաները, իսկ իրադարձությունների տրամաբանությունը հանգեցնում է այն բանին, որ աճում են բախման ռիսկերը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես ասել էր, որ Ռուսաստանի առաջնորդը մտահոգված է Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողություններով: Իրավիճակը գտնվում է Կրեմլի մշտական հսկողության տակ։

Հնչած հայտարարությունների ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների ռազմական ակտիվության բարձրացման մասին հերթական հաղորդագրությամբ:

Նշվում է, որ առաջին հերթին աճել է ռազմածովային ուժերի, օդային և ծովային հետախուզության միջոցների, ինչպես նաև ռազմավարական ավիացիայի գործողությունների ինտենսիվությունը:

Գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ՌԴ զենիթահրթիռային զորքերը Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի չորս հետախուզական ինքնաթիռ են ուղեկցել, U-2S, RC-135 հետախույզների ու P-8A Poseidon երկու բազային պարեկային ինքնաթիռների թռիչքներ են իրականացվել Սև ծովի հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածներում:

Հաղորդվում էր նաև, որ ժամը 12-15-ը Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հետախույզ RC-135 ինքնաթիռը փորձել է մոտենալ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին՝ Ղրիմի թերակղզու հարավարևմտյան կողմից:

Դրա գործողությունները վերահսկելու նպատակով օդ է բարձրացվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30 կործանիչը։ Այն մոտեցել է բրիտանական ինքնաթիռին՝ ՌԴ սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա, որից հետո Մեծ Բրիտանիայի հետախույզը փոխել է ուղղությունը Ռուսաստանի սահմանից հակառակ ուղղությամբ», – նշված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ն ավելացրել է, որ ռուս զինվորականները վերահսկում են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի գործողությունները Սև ծովում։ ԱՄՆ-ն արտապլանային գործողությունների է դիմում Ռուսաստանի սահմանների մոտ զինված ուժերի խմբավորում ստեղծելու համար։ Սև ծովում ԱՄՆ-ի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական յուրացումն է, ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Դոնբասի հակամարտությունը ուժով լուծելու դեպքում:

armeniasputnik.am



Նման նյութեր