Ռուսաստանի պաշտպանության նախարարության 27-րդ Գիտական կենտրոնի մասնագետները ստեղծել են հազվադեպ կենսաբանորեն ակտիվ հավելում (ԿԱՀ)՝ «ԿովԿԱՀ», որը կարող է 16 անգամ նվազեցնել կորոնավիրուսի խտությունը պացիենտի մոտ։ Այս մասին ասել է ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
«Կրասնայա զվեզդա» թերթի հետ զրույցում նա ասել է, որ ԿԱՀ արդյունավետության գնահատումից հետո դրանցից մեկի համար ստացվել է պետական գրանցման վկայական։
«Մեր իրականացրած փորձերը ցույց են տվել, որ սննդի մեջ կենսաբանորեն ակտիվ հավելումների, որն ստացել է «ԿովԿԱՀ» անվանումը, օգտագործման արդեն երկրորդ օրը վիրուսի քանակությունը քիթ-կոկորդում նվազում է երկու անգամ, իսկ վեցերորդ օրը դրա խտությունը կրճատվում է 16 անգամ»,- ասել է Կիրիլովը։
Նրա խոսքով՝ նորույթը նվազեցնում է կորոնավիրուսի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, ինչի արդյունքում հիվանդությունն ընթանում է պակաս բարդություններով։
Գեներալ-լեյտենանտն ավելացրել է, որ ԿԱՀ հիմնական բաղադրիչները արոնիայի, էխինացեայի էքստրակտն է, ֆուկոիդանը, խաղաղօվկիանոսյան կաղամարի հիդրոլիզատը եւ բնական ծագման այլ նյութեր, որոնք բարձրացնում են օրգանիզմի հակավիրուսային պաշտպանությունը։