Եվ ո՞վ դա կանի Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի համար
Dolce & Gabbana-ի կոկտելային սև զգեստը, որը ԱՄՆ նորաթուխ առաջին լեդին ընտրել էր ամանորյա գիշերվա համար, քննարկումների առարկա է դարձել: Ստեֆանո Գաբանան Մելանյային համարեց DG ներկայացուցիչը, պարծանքը: Դիզայների այդ գրառումը Instagram-ում քննադատությունների ալիք բարձրացրեց, շատերը որոշեցին, որ Գաբանան հնարավորության դեպքում Ադոլֆ Հիտլերի կնոջ՝ Եվա Բրաունին էլ շոր կհագցներ…
Այս իրարանցումը մեզ հուշեց, որ արժե հիշել այն ոճաբաններին, ովքեր ժամանակին իրենց ծառայություններն են մատուցել ԱՄՆ առաջին տիկիններին: Կփորձենք նաև պարզել, թե ով կարող է հարստացնել Մելանյա Թրամփի զգեստապահարանը բրենդային հագուստով:
Էլեոնորա Լամբերտ, Ռալֆ Լորեն, Էտել Ֆրանկո, Ջեյսոն Վու, և սա ոճաբաններից ընդամենը մի քանիսն են, ում ժամանակին ընտրել են ԱՄՆ առաջին տիկինները, օրինակ՝ Ժակլին Քենեդին, Նենսի Ռեյգանը, Միշել Օբաման…
Նախ, պետք է հաշվի առնել, որ առաջին տիկնոջ ցանկացած ներկայացում հանրությանը, աշխարհին՝ երևույթ է, ուղերձ, միտում:
Այդ իսկ պատճառով 1940 թվականից ի վեր համարվում է, որ առաջին տիկնոջ զգեստները պետք է ընդունվեն իբրև ազգային հարստություն: Չնայած, օրինակ, Ժակլին Քենեդին, Նենսի Ռեյգանը, օգտվել են նաև ֆրանսիացի ոճաբանների բրենդային հագուստներից:
Ժակլին Քենեդին հանդիսացել է մեկ այլ առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի ոգեշնչման աղբյուր: Օրինակ՝ 2008 թ. նոյեմբերին, երբ Բարաք Օբաման ճանաչվեց նորընտիր նախագահ, Միշելը բեմում հայտնվեց սև-սպիտակ Narciso Rodriguez-ով, իսկ ավելի ստույգ՝ դրա նորացված տարբերակով, կլոր շրջափեշով և 3/4 թևքով, այնպես, ինչպես սիրել է հագնվել Ժակլին Քենեդին: Միշելը դրանով ուզեց ասել, որ ավանդույթները պետք է շարունակվեն: Միշել Օբաման չխուսափեց քննադատական խոսքերից:
Նա կանգ չառավ: Միշել Օբաման հետևողականորեն ընտրում է ամերիկացի դիզայներների: Նա խրախուսում է երիտասարդ, սրամորթ դիզայներներին, ասիական ծագում ունեցող դիզայներներին: Հաճախ կրում է պարզ զգեստներ:
Երդման արարողությանը Միշել Օբաման ներկայացել էր կուբայական ծագում ունեցող ամերիկացի դիզայներ Իսաբել Տոլեդոյի կարած զգեստով: Նրա թեթև ձեռքով մեծ ճանաչում ունեցան դիզայներներ Prabal Gurung և Naeem Khan-ը:
Իսկ Մելանյա Թրամփը իր զգեստներով, ոճով բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Նա հաշվի չի նստում որևէ մեկի հետ: Նրա հագուկապը ուշադրության է արժանանում միայն գնային առումով. քաղաքական ուղերձը, գաղտնի իմաստը՝ բացակայում են:
Հիմա բոլորին հետաքրքրում է, թե ո՞վ կլինի Մելանյայի ոճաբանը: Ամերիկացի դիզայներ Սոֆի Տեալեն բաց նամակով դիմել է համքարությանը՝ բոյկոտել առաջին տիկնոջը Դոնալդի ռասիստական և սեքսիստական հայտարարությունների համար: Այդ նամակի դեմ հանդես եկան Թոմի Հիլֆիգերը և Թոմ Բրաունը, ասելով, որ իրենց համար պատիվ կլինի սպասարկել Մելանյային:
vogue.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը