Ես ինձ չեմ գերագնահատում, բարձր չեմ դասում, փորձում եմ մնալ հողի վրա ամուր կանգնած, լինել՝ ինչպես բոլորը: Հաճելիորեն զարմացած եմ Երեւանում այսպիսի ջերմ ընդունելության արժանանալու համար: Եկել եմ Հայաստան` շրջելու կնոջս հետ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի 31-րդ ռակետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որն այս օրերին Հայաստանում է:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի եւ թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի նախաձեռնությամբ Կարեն Խաչանովը Երեւանի «In Court» թենիսի ակումբում հանդիպում ունեցավ հայ թենիսիստների հետ, նաեւ մեկ ժամ վարպետության դաս անցկացրեց պատանի թենիսիտների եւ Հայաստանի հավաքականի անդամների հետ:
Կարեն Խաչանովին անձամբ տեսնելու, նրա հետ թենիս խաղալու եւ լուսանկարվելու էին եկել մեծ թվով պատանի թենիսիստներ, թենիսի սիրահարներ, պրոֆեսիոնալ խաղացողներ: Նախքան վարպետության դաս անցկացնելը, աշխարհի 31-րդ ռակետը ֆեդերացիայում ավելի քան 100 ինքնագիր դրեց իր լուսանկարով պոստերների, թենիսի գնդակների վրա, որոնք պետք է նվիրեր դրսում իրեն սպասող երեխաներին:
Այդ ընթացքում Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը ներկաներին պատմեց իր հայկական ծագման մասին:
«Վերջերս հանդիպեցի Դավիթ Նալբանդյանին եւ մոռացա նրան հարցնել, թե երբ է վերջին անգամ եղել Հայաստանում: Նա իսկական հայ է: Իմ հայրիկի պապն է եղել հայ եւ մորական կողմից պապիկս է եղել կիսով չափ հայ: Մեր ազգանունը նախկինում եղել է Խաչինյան: Ցեղասպանության ժամանակ, երբ նախապապս իր ընտանիքի հետ փախել է Ադրբեջան, կարիք է եղել ազգանունը փոխել եւ դարձել է Խաչանով: Ես Խաչանովների 4-րդ սերունդն եմ ներկայացնում եւ ինձ համարում եմ հայ եւ ռուս:
Այս անգամ Հայաստան եմ եկել կնոջս հետ: Որոշեցինք մեր հանգիստն անցկացնել այստեղ եւ լինել ոչ թե կոնկրետ Երեւանում, այլ շրջել ամբողջ Հայաստանով: Որդուս՝ 2-ամյա Դավիթին, չենք բերել մեզ հետ: Նա մեզ կմիանա հաջորդ այցելության ժամանակ: Այստեղ ունենք հագեցած օրացույց եւ օրվա ընթացքում կնոջս հետ լինում ենք տարբեր վայրերում: Որտեղ ասես՝ չենք եղել՝ Դիլիջանում, Գյումրիում, Ջերմուկում, Գառնի-Գեղարդում, լինելու ենք Տաթեում: Հիացած եմ Հայաստանի տեսարժան վայրերով»,- մանրամասնեց Կարեն Խաչանովը:
Ամբողջությամբ՝ sport.news.am