Երկիր ենք կորցնում, պետք է արտահերթ խորհրդարանական նոր ընտրություններ լինեն. Մելքումյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Երկիր ենք կորցնում, պետք է արտահերթ խորհրդարանական նոր ընտրություններ լինեն. Մելքումյան. pastinfo.am

Եթե մենք հայրենիք ենք կորցնում, շարունակում ենք նոր տարածքներ կորցնել, ուրեմն հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները ոչ միայն չեն լուծել քաղաքական ճգնաժամը, այլև՝ ավելի են խորացրել, առաջացրել մի նոր ճգնաժամ՝ ավելի համակարգային, ավելի համակողմանի, իսկ այդ ճգնաժամը լուծելու համար տարբեր լուծումներ կան, կարող են նաև արտահերթ ընտրություններ տեղի ունենալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին։

Մելքումյանը ցավով արձանագրեց, որ վերջին մեկ-երկու օրվա իրադարձությունները, ինչպես նաև պատերազմի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում իրադարձությունները ցույց տվեցին, որ անհույս իրավիճակ է ստեղծվել, որ որևէ իրական դիմադրություն թշնամուն այս իշխանությունները չեն կարողանում կազմակերպել, մոբիլիզացնել պետության ողջ ռեսուրսները՝ դիմադրություն կազմակերպելու։

«Կա այդպիսի ցանկություն, թե ոչ՝ դա երկրորդ հարցն է»,- արձանագրեց Մելքումյանը՝ հավելելով, որ երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մեր հայ ժողովրդի հիմնական մասի մտածողությունները, մոտեցումները երկրի ճակատագրի հանդեպ տարբեր են։

«Օրինակ, այնտեղ, որտեղ անվտանգային խնդիրները հասել են համայնքի սահման և համայնքի տարածք, օրինակ՝ Կապանը, այլ կերպ են մտածում և որոշումն այլ կերպ են կայացնում, իսկ, օրինակ, Իջևանում, Ստեփանավանում՝ այլ կերպ են մտածում, թեև այդտեղ ընտրություններին մասնակցել են ընտրողների 20-25 տոկոսը, որից ինչ-որ մի մաս ձայն է տալիս գործող իշխանությունների ներկայացուցիչներին։ Ցավալիորեն սա բերում է մի համոզման, որ քանի դեռ վտանգը չի հասել համայնքի դռանը, համայնքի տարածք, ուրեմն ժողովուրդն այլ կերպ է մտածում»,- նշեց Մելքումյանը։

Նախկին պատգամավորը մտահոգություն հայտնեց առ այն, որ այդ գործընթացը բերում է Հանրապետության տարբեր հատվածների մասնատման, ինչը շատ ցավալի է։ «Մենք հայրենիք ենք կորցնում, շարունակում ենք նոր տարածքներ կորցնել, ուրեմն հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները ոչ միայն չեն լուծել քաղաքական ճգնաժամը, այլև՝ ավելի են խորացրել, առաջացրել մի նոր ճգնաժամ՝ ավելի համակարգային, ավելի համակողմանի, իսկ այդ ճգնաժամը լուծելու համար տարբեր լուծումներ կան, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը։ Պետք է այնքան արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, մինչև ժողովուրդը հասկանա, թե ինքը երկրի, հայրենիքի ճակատագրի նկատմամբ ինչպես պետք է իր անտարբերությունը փարատի»,- նշել է Մելքումյանը։

Նրա արձանագրմամբ՝ մի համայնքում, օրինակ, քվեարկում են՝ մտածելով, որ վտանգն իրենց համայնքի սահման չի հասել, մեկ այլ տեղում՝ ուզում են պահել իրենց պետական համայնքային աշխատանքը, մի երրորդ վայրում՝ ընդհանրապես մտածում են արագ երկրից հեռանալու մասին. այսօր ՀՀ-ում ապրում է աշխարհի հայերի 20 տոկոսը, մյուս 80 տոկոսի համար՝ այս տարածքը գրավիչ չէ։

Մեր զրուցակիցը վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները ձևավորել են մի նոր ճգնաժամ, ինչը նշանակում է, որ պետք է նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, իսկ կարծիքները, թե կարող են արդյունքները նույնը լինել, Մելքումյանն ընդգծեց՝ երկիր ենք կորցնում, որքան ճգնաժամը չլուծվի, պետք է այդքան արտահերթ ընտրություններ լինեն։

«Ավելի լավ է մի քանի հարյուր միլիոն ծախսես, բայց տարածքներ չկորցնես»,- նշեց Մելքումյանը։

Դիտարկմանը, որ, այդուհանդերձ, ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ որոշ համայնքներում հաղթել է ՔՊ-ն, ընտրություններով կարո՞ղ ենք հեռացնել ՔՊ-ին, Մելքումյանն արձագանքեց՝ նշելով, որ, օրինակ Կապանում մասնակցությունը մեծ է եղել, որտեղ ՔՊ-ն չի անցել, իսկ Իջևանում, Ստեփանավանում քաղաքական մեծամասնությունն է հաղթել, սակայն այդտեղ մասնակցել է ընտրողների 20-25 տոկոսը, ինչը նշանակում է, որ 75 տոկոսն անտարբերություն է ցուցաբերում, իսկ նրանք, որոնք գնացել են ընտրության՝ չեն գիտակցում, որ թշնամին հասնելու է իրենց համայնքի սահմանին։

«Երբ հասնեն իրենց համայնքի սահմանին, նրանք այլ ձևով են մտածելու, բայց արդյո՞ք դա պետք է թողնենք»,- նշեց նա՝ հավելելով, որ հարցը պետք է լուծվի համակարգային, համապետական՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով։

pastinfo.am



Նման նյութեր