Ադրբեջանը մեծ քանակության զինտեխնիկա ու զինծառայողներ է կուտակում նաև Գեղարքունիքի մոտ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Թշնամու կողմից շատ լուրջ կուտակումներ կան։ Ես գյուղերում հերթապահություն եմ իրականացրել, որ կարիքի դեպքում կարողանանք գործողության անցնել»։
Ավետյանը նշեց, որ բոլորն էլ կամավոր են ու պատրաստ են անհրաժեշտության դեպքում դուրս գալու պաշտպանության։ Ավետյանը մանրամասնեց, որ կուտակումներ կան թե տեխնիկայի և թե մարդուժի տեսքով , սակայն մարտական գործողություններ չեն իրականացվում։
«Զինտեխնիկա, զորք, ամեն ինչ կուտակում են։ Այս պահի դրությամբ հանդարտ է, կրակոցներ չկան»,- ասաց Ավետյանը։
Նշենք, որ կեսօրից հետո համայնքի Սոթքի հանքավայրից տարհանվել են աշխատակիցները։