«Հայաստան. հիշողության թել». Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին
Advertisement 1000 x 90

«Հայաստան. հիշողության թել». Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին

Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի՝ «Հայաստան. հիշողության թել» վերնագրված ֆիլմը սկսվում է Եռաբլրի կադրերով: Այն անդրադառնում է արցախյան 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին, այդ պատերազմում Թուրքիայի դերին, Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրողություններին ու սահմանային իրավիճակին:

Ֆիլմում խոսվում է նաև Հայաստանի և Արցախի քրիստոնեական ժառանգության մասին, նշվում է, որ Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական քաղաքակրթություն կրող երկիր Կովկասի սրտում, բնական կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև:

Հեղինակն այցելել է Մատենադարան, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, հայկական եկեղեցիներ, անդրադարձել պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցված հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին: Ֆիլմում նա ներկայացրել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ իր հարցազրույցները:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի պատճառների, Թուրքիայի ներգրավվածության, հետպատերազմյան իրավիճակի, մարդասիրական խնդիրների և մինչ օրս Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների մասին:

Ֆիլմում շեշտվում է նաև հնագույն քրիստոնեական արժեքներ կրող երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության կարևորությունը, անդրադարձ է կատարվում միջպետական ներկա հարաբերություններին և, այդ համատեքստում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերին Իտալիա կատարած առաջին պետական և Վատիկան պաշտոնական այցերին:



Նման նյութեր