ՏԻՄ այս ընտրություններն անցնում են աննախադեպ մթնոլորտում. Իշխանություններն իրենց թեկնածուներին նշանակում են ժամանակավոր պաշտոնակատարներ, որն արդեն ընտրությունների արդյունքների վրա ազդելու մեծ ռիսկեր է պարունակում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատել է, որ Իշխանությունը ցանկանում է համայնքային իշխանությունն ամբողջությամբ վերցնել իր ձեռքը, ՏԻՄ-երին ենթարկեցնել իրեն, դրա համար էլ համայնքներում ՔՊ-ական թեկնածուներ են նշանակում, որոնց համայնքների բնակիչները դեմ են: Այդուհանդերձ, նա կարծում է, որ միայն ՔՊ-ական թեկնածուներ նշանակելով իշխող ուժին չի հաջողվի համայնքային իշխանությունն իր ձեռքը վերցնել:
«Գյումրիում էլ նշանակվեց համայնքապետի ՔՊ-ական ԺՊ, բայց հաղթեց Բալասանյան դաշինքը, Գորիսում էլ նշանակվեց, սակայն Առուշանյան դաշինքը հաղթեց: Այնտեղ, որտեղ ժողովուրդը պայքարում է, իշխանության մոտ ոչինչ չի ստացվում, իսկ այնտեղ, որտեղ ցանկություն չկա պայքարելու, համակերպվածություն կա իշխող քաղաքական ուժի նկատմամբ, այնտեղ իշխանությունն է հաջողում»,-ասաց Բադալյանը:
Քաղտեխնոլոգը միևնույն ժամանակ ընդգծեց, որ կարևոր է հատկապես ընդդիմադիր ուժերը պայքարը.
«Ընդդիմությունը պետք է մարզերում ակտիվորեն մարդկանց հետ աշխատի, բացատրի իրավիճակը, աջակցի համայնքային ակտիվ գործիչներին, որպեսզի նրանք հաղթեն, իսկ ՔՊ-ն պարտություն տանի»,-ասաց նա:
Զրուցակցի արձանագրմամբ՝ չնայած իշխանության գործադրած ջանքերին՝ այնպես չէ, որ բոլոր մարզերում միանշանակ ընդունում են իշխանությանը:
Ըստ Բադալյանի՝ հատկապես վերջին արտահերթ ընտրություններից հետո, հասարակությանը տրամադրվածությունը իշխանության հանդեպ շատ է փոխվել, ինչի մասին փաստում են Գյումրիի, Գորիսի, Կապանի ընտրությունները.
« Մարդիկ իշխանությանն ասում են՝ ինչ-որ պետք էր նախկինների դեմ պայքարելու համար տվել ենք, պետք էր հունիսի 20-ին երկրորդ անգամ ընտրվես, դա էլ եղավ, բայց անցել է 3 ամիս, և ոչ մի փոփոխություն չկա:Անվտանգային շատ լուրջ խնդիրներ կան, տեսնում ենք, որ ադրբեջանցիներն արդեն Սիսիանի, Ջերմուկի ուղղությամբ են կրակում, գնաճը սարսափելի չափերի է հասել, տնտեսական վիճակը ևս վատացել է:Մարդիկ ասում են՝ այն ինչ պետք էր իշխանությանը, մենք արել ենք, հիմա իրենք պետք է ինչ-որ փոփոխություն անեն, բայց չեն անում, դրանից էլ մարդկանց տրամադրվածությունը էապես փոխվում է»,-ասաց քաղտեխնոլոգը:
Ըստ զրուցակցի՝ դեկտեմբերի 5-ի համայնքային ընտրությունները վերջնական պատկերացում կտա ՏԻՄ մարմինների քաղաքական պատկերի վերաբերյալ.
«Դեռևս մի քանի համայնքներում է եղել ընտրություն, իսկ դեկտեմբերի 5-ին շատ համայնքներում են լինելու ՏԻՄ ընտրություններ և շատ մեծ մասշտաբով, վերջնական պատկերը այդ ժամանակ պարզ կլինի»,-ասաց Արմեն Բադալյանը: