Շուշիից Ստեփանակերտ տեղափոխված սրճարան, Տիգրանակերտի թանգարանի դուռը՝ փաբում, Երևանի Օպերան՝ Արցախի սրտում… Հետաքրքիր տեղեկություններ Ստեփանակերտի մասին՝ Sputnik Արմենիայի նյութում։
Պատերազմից հետո այստեղ լինելու տպավորություններից մեկն այն է, որ Արցախը վերականգնվում է ոչ թե շաբաթներով, այլ օրերով։ Մարտական գործողություններից մեկ տարի անց հարազատ, ընկերներ, տուն, գույք, ի վերջո՝ խաղաղություն կորցրած արցախցիները լծվել են աշխատանքի ու վերականգնում ու մաքրում են իրենց տարածքը կռվի փոշուց։
Արցախ պետք է այցելել, հատկապես՝ պատերազմից հետո, հատկապես՝ հիմա, բայց… Ինչպես Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամայանն է ասում, «Հայաստանից դեպի Արցախ ճանապարհին քշում ես՝ մեքենա չի երևում»։ Իսկ Արցախում հետաքրքիր պատմություն կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, անգամ եթե պատմությունների մեծ մասը (եթե խորը մտածես՝ բոլորը) ցավից են ծնված։
Այս նյութում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մասին մի քանի հետաքրքիր փաստեր կնշենք, իսկ մնացածին կարող եք ծանոթանալ ինքներդ՝ այցելելով Արցախ։
Կիսատ գմբեթը՝ կարևոր խորհրդանիշ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակը ուրվագծում են մի քանի կաթնագույն կառույցներ։ Նրանցից մեկը՝ Արցախի Ազգային ժողովի շենքը քանի տարի է՝ թվում է, թե շինարարության փուլում է ու ոչ մի կերպ չի ավարտվում։ Հաշվի առնելով, թե ինչ խնամքով են տեղի իշխանությունները վերաբերվում քաղաքին, տարօրինակ է, որ Ստեփանակերտի կենտրոնում ինչ-որ բան երկար տարիներ «կիսատ» մնար։ Եվ ճիշտ է, որ տարօրինակ է, որովհետև իրականում այս շենքի գմբեթը նախապես կառուցվել է հենց այս նախագծով՝ ներսում դատարկ տարածությամբ։ Ճարտարապետների միտքը գմբեթի «կիսատությունը» Արցախի կարգավիճակի անորոշության հետ խորհրդանշելն էր։ Ստեփանակերտում ասում են՝ հենց Արցախի կարգավիճակը պարզվի, գմբեթն էլ «կլցվի»։ Դեռ դատարկ է․․․
Խառը Երևան՝ Ստեփանակերտում
Արցախի Ազատամարտիկների միության շենքը
Այս փաստը կրկին Ստեփանակերտի հատկանշական ճարտարապետությանն է վերաբերում և կրկին՝ Վերածննդի հրապարակից։ Եթե ուշադիր նայենք, ապա Արցախի մայրաքաղաքում կարելի է «գտնել» Հայաստանի մայրաքաղաքը։ Վերը նշված Ազգային ժողովի՝ Արցախի կարգավիճակը «գլխավերևում» պահող շենքի կողքին արցախցու համար ևս մի կարևոր շինություն է՝ Արցախի Ազատամարտիկների միության շենքը։ Այն դիտելիս Երևանում եղած յուրաքանչյուր մարդու մոտ հիշողությունը պիտի խուտուտ տա․ «Ինչ-որ տեղ նման բան տեսել եմ․․․»։ Շենքը Երևանի ամենագլխավոր կառույցների՝ Հանրապետության Հրապարակի «ժամով» շենքի և Օպերայի միքսն է։ Ի դեպ, Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի կենտրոնում էլ երևանյան Օպերայի շենքի կրկնօրինակն է՝ չափերով մի քանի անգամ փոքր։ Այն քաղաքի համայնքապետարանն է։
Ամբողջությամբ՝ armeniaputnik.am