Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ որքան երկար պահպանվի կորոնավիրուսի պատվաստանյութերի անհավասար մատչելիությունն ամբողջ աշխարհում, այնքան երկար կտևի համաճարակը։ ԱՀԿ-ի ղեկավարի ուղերձը ցուցադրվել է երկուշաբթի Իսպանիայում «Պատվաստումների համերաշխություն. պարտավորությունների կատարում» միջոցառման ժամանակ։
Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, «ցածր եկամուտ ունեցող երկրները ստացել են պատվաստանյութերի 0,5 տոկոսը, մինչդեռ պատվաստանյութերի ավելի քան 80 տոկոսը բաժին է հասել G20-ի երկրներին:
«Որքան երկար տևի այս անհամապատասխանությունը, այնքան ավելի երկար կշարունակվի վիրուսի շրջանառությունը, և ավելի հավանական է, որ վտանգավոր մուտացիաներ հայտնվեն»,- ավելացրել է ԱՀԿ ղեկավարը։ Նա հիշեցրել է կազմակերպության ավելի վաղ դրված նպատակը՝ մինչև 2021 թվականի վերջը յուրաքանչյուր երկրում հասնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների առնվազն 40 տոկոս ծածկույթի, իսկ մինչև 2022 թվականի կեսերը՝ 70 տոկոս:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ուշադրություն է հրավիրել Իսպանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների լավ տեմպերին. 12 տարեկանից բարձր երկրի բնակչության ավելի քան 89%-ն արդեն լիովին պատվաստված է։ Վարչապետը նշել է, որ Իսպանիան մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակը կնվիրաբերի 50 միլիոն չափաբաժին կորոնավիրուսային դեղամիջոց։
«Մենք մինչ այժմ ավելի քան 30 միլիոն չափաբաժին ենք նվիրաբերել (պատվաստանյութերի բաշխման միջազգային մեխանիզմին) COVAX-ին», – ավելացրել է Սանչեսը: Նրա խոսքերով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հեշտացնել Իսպանիայի բարձրագույն գիտահետազոտական խորհրդի հակամարմինների թեստերի տրամադրումը կարիքավոր երկրներին։
47 միլիոն բնակչությամբ Իսպանիայում կորոնավիրուսային վարակի տարածման սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակի ավելի քան 5 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 87,8 հազար հիվանդ։ Այժմ երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերը կրկին սկսել են աճել, ինչի հետևանքով երկրի տարբեր շրջանների իշխանությունները ստիպված են վերսկսել կարանտինային միջոցառումները։