Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին
Advertisement 1000 x 90

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին:

Վարչապետը նշել է, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը:

Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ուղղությունները և կարևորել Հայաստանի դերն ու մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։ Նա հավելել է, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում պատրաստ է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում երկխոսության ու հանդուրժողականության խթանմանը միտված քայլերը, միաժամանակ ընդգծելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը պարոն Մորատինոսի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու խեղաթյուրման փաստերի, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու և Դադիվանքի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունների վրա: Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում ևս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը:

Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է նաև Արցախում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական առաքելության գործունեության անհրաժեշտությունը:

 



Նման նյութեր