Երևանի նոր տրանսպորտային ցանցն առաջիկայում կհամալրվի ևս 100 ավտոբուսով, որոնք կմիանան արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռք բերված 311 ավտոբուսներին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի ավտոբուսների ծրագրի» ֆինանսավորման և իրականացման համար Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը համաձայնագրեր են ստորագրել։
«Ավտոբուսների ձեռքբերման համար կհատկացվի 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն–ը՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ:
Սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսները կգնվեն Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրերի կատարման արդյունքում»,– նշում են քաղաքապետարանից:
«Երևանի ավտոբուսների ծրագիր» ֆինանսավորման և իրականացման վարկային 4 համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին։