Դասեր քաղել ե՞նք…
Advertisement 1000 x 90

Դասեր քաղել ե՞նք…

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը երեկ Facebook-յան իր էջում գրել է.

«Դասեր քաղելու մասին այս մտորումները գրառեցի 2005թ.՝ Ս. Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս աշխատելու ժամանակ, Ա.Ի. Սոլժենիցինի հետ հանդիպման տպավորության թելադրանքով։ Մտահոգություններս, կարծում եմ, առավել քան արդիական են նաև այսօր։

Դասեր քաղել ե՞նք…

Իր անկանխատեսելիությամբ ու մարտահրավերներով նախորդ տարին դեռ նորին երկար կպարտադրի՝ խարխափել ու բզկտվել իր որոգայթում: Աշխարհակարգ է փոխվում: Գերտերությունների կողմից պարտադրված «քաղաքակրթական» օրակարգին Արևելքը հակադրեց կրոնական ֆանատիզմի վայրի բնազդը:

Ներ և միջկրոնական պատերազմների արհավիրքը, իրապես, քաղաքակրթությանը կործանարար ձեռնոց է նետել: Անշուշտ, մեծերն ու ուժեղները կուտակել են դիմադրողականության անհրաժեշտ պաշար և ունեն տարբեր իրավիճակներից դուրս գալու սցենարներ: Փոքրերի համար էլ են արարներ նախատեսված՝ չհրապարակված օրակարգերում որոշների համար նաև մատաղացու գառի կարգավիճակ: Վտանգը մեծ է խաչմերուկային փոքրերի, առավել ևս՝ քաղաքակրթական խաչմերուկներում հանգրվանածների համար: Առաջին աշխարհամարտը մեր օրինակով դա ապացուցել է:

Ժողովրդական իմաստությունը նման դեպքերը բանաձևել է՝ քաոսի, առուփախի ժամանակ շունը տիրոջ չի ճանաչում: Առավել ևս՝ տերն էլ շանը։ Հետագայում փոքրերի պատմական արդարության պահանջն ուժեղների ձեռքին դառնում է խաղաքարտ, մորթվածների համար՝ հոտընկայս հարգանքի տուրքի հանդես: Մենք պարտադրված ենք այս իրավիճակում առավելագույնս մեկտեղել մեր ունեցած բոլոր ռեսուրսները, որոնք քիչ չեն, և, ինչու ոչ, պատմությանը նաև այլ օրինակ հրամցնել՝ ունեցածի հակառակը:

Ա.Ի. Սոլժենիցինը, ով բավականին քաջատեղյակ էր մեր պատմությանն ու անթաքույց հարգանք ուներ մեր ազգի նկատմամբ, մի զրույցի ժամանակ հետաքրքիր համեմատություն անցկացրեց մեր պատմության ու շագրենու կաշվի միջև: Իր համար անհասկանալի էր կամ, ավելի ստույգ, չեր ուզում հասկանալ և ինձանից էր փորձում բացատրություն ստանալ՝ ինչպես և ինչով բացատրել, որ 1-ին դարում, ունենալով 310 հազար քառ.կմ. տարածք, լինելով տարածաշրջանում խաղի հիմնական կանոններ թելադրողներից մեկը, շագրենու կաշվի նման փոքրանալ և վերածվել մի ափաչափ երկիրի՝ բազմաթիվ չլուծված խնդիրներով ու անորոշություններով: Ես չփորձեցի պատմականորեն «արդարացնել» ակնհայտը, չնայած, կարծում եմ, երկուսս էլ ունեինք դրա պատասխան…

Պատմությունը նաև կրկնվող իրավիճակների շարան է՝ երբեմն դաժան և վերջնագրային: Շահում են նրանք, ովքեր կարողանում են ժամանակի և տարածության մեջ իրենց սխալները սրբագրել:

Մենք պարտավոր ենք, եթե ոչ ուրիշների, ապա գոնե մեր սխալներից դասեր քաղել»: