Գերմանացի բժիշկները թվարկել են մի քանի սխալ, որոնք անում են մրսածություն, հարբուխ ունեցող մարդիկ, գրում է Focus ամսագիրը:
Բժիշկներն առաջին հերթին խորհուրդ են տալիս չչարաշահել քթի կաթիլները, քանի որ երկարատև օգտագործման դեպքում այդ դեղամիջոցները կարող են վնասել լորձաթաղանթն ու կախվածություն առաջացնել։ Նրանք խորհուրդ են տալիս կաթիլներն օգտագործել ոչ ավելի, քան յոթ օր։ Բացի այդ, սրվակի գլխիկը հարկավոր է ամեն անգամ մաքրել մանրէներից խուսափելու համար։
Երկրորդ սխալը, ըստ փորձագետների, դեղերի օգնությամբ ջերմությունն իջեցնելն է։ Մասնագետները կոչ են արել չանել նման բան, քանի որ ջերմությունն օգնում է, որ իմունիտետն ավելի լավ պայքարի հիվանդության հարուցիչ միկրոօրգանիզմների դեմ։ Բժիշկները զգուշացրել են, որ երեխաների դեպքում չարժե դեղերով իջեցնել մինչև 38, իսկ մեծերի դեպքում` մինչև 38,5 աստիճան ջերմությունը։
Բացի այդ, մինչև լիովին կազդուրվելը չարժե տարվել ֆիզիկական վարժություններով։ Չնայած ջերմիջեցնող դեղամիջոցները թեթևության զգացողություն են տալիս, այդուհանդերձ հիվանդ ժամանակ սպորտային ծանրաբեռնվածությունը կարող է վնաս հասցնել օրգանիզմին։
Չորրորդ սխալը հարբուխով հիվանդ ժամանակ բաղնիք կամ շոգեբաղնիք այցելելն է։ Դա ախտանշանները չի թեթևացնում, ընդամենը շփոթեցնում է օրգանիզմի ջերմակարգավորման համակարգին։ Շոգեբաղնիքն օգտակար է միայն որպես կանխարգելիչ միջոց։