Այն բանից հետո, երբ Սալվադոր Դալին Իսպանիա վերադարձավ եւ սկսեց գովերգել դիկտատոր Ֆրանկոյի ռեժիմը, Պաբլո Պիկասոն խզեց իր հարաբերությունները նրա հետ եւ հրաժարվեց հանդիպումներից: Այդ մասին են պատմում Ֆրանսիայում տպագրված` Պիկասոյին ուղղված Դալիի նամակները: Դալին մինչեւ իր մահվան օրը նամակներ եւ նկարազարդ բացիկներ է ուղարկել Պիկասոյին, սակայն սկսած 1945 թվականից` ոչ մի պատասխան չի ստացել: Իսկ մինչ այդ Պիկասոն ամեն կերպ օգնել եւ սատարել է Դալիին, հաճախ հյուրընկալել է Փարիզի իր տանը եւ նույնիսկ նրան գումար է տրամադրել` Ամերիկա ուղեւորվելու համար: Պիկասոն չի պատասխանել Դալիին, սակայն պահել է նրա բոլոր նամակներն ու մատիտանկարները, որտեղ պատկերված են իսպանական բնությունը, մատադորները, ֆլամենկո պարող կանայք: Պիկասոն երդվել էր չայցելել իր Հայրենիք, մինչ այնտեղ տիրում է Ֆրանկոյի ֆաշիստական ռեժիմը: Դալին Պիկասոյին «արվեստի անարխիստ» էր համարում, իսկ Պիկասոն նրան՝ «դավաճան»:
168.am, 26/10/2005