Լավ կլիներ առաջին հերթին ինքն իրեն սաստեր․ Սեյրան Օհանյանի պատասխանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Advertisement 1000 x 90

Լավ կլիներ առաջին հերթին ինքն իրեն սաստեր․ Սեյրան Օհանյանի պատասխանը՝ Անդրանիկ Քոչարյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ նրան համեմատելով ֆրանսիացի ֆանտաստիկ գրող Իվ Գանդոնի և գերմանացի հանճարեղ պոետ Վ.Գյոթեի հետ։ Ի պատասխան նրա գրառման՝ Քոչարյանն իր հերթին հայտարարեց, որ հաղորդագրություն է ուղարկել Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը։ ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ բովանդակության հաղորդագրության մասին է խոսքը։

«Սպառնալիք չկար և չէր էլ կարող լինել։ Ես էլ իրեն ասել եմ՝ ավելի լավ կլիներ, որ առաջին հերթին ինքն իրեն սաստեր»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց՝ բազմիցս է ասել, որ դեմ է և չի հասկանում մարդկանց, ովքեր աշխատանքային հարաբերությունները տեղափոխում են անձնական հարաբերությունների դաշտ, հատկապես երբ կեղծ տեղեկություններ են տարածում ուրիշի ընտանիքի վերաբերյալ․ «Ես էլ գիտեմ շատ մարդկանց ընտանիքի անդամների կազմն ու տեղը՝ իրենց որդիները որտեղ են, ինչպես են, բայց երբևէ այդքան չեմ մանրանում, քանի որ դա փոքրոգի լինելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պատճառով է։ Գտնում եմ՝ Անդրանիկ Քոչարյանն առաջին հերթին ինքն իրեն պետք է սաստեր և նախկինում կեղծ կամ շինծու, արժանապատվությունը իջեցնող հայտարարություններ չաներ իմ ընտանիքի, ունեցվածքի մասին՝ չնայած նրան, որ Անդրանիկ Քոչարյանը չէ, որ իմ կամ այլ ընտանիքների գլխին դատավոր է։ Միտումնավոր կպել են իմ տիկնոջը կամ նրա հագուստին, ծաղիկներին՝ չհասկանալով, որ գեղեցկությունը չի նշանակում ճոխություն կամ շռայլություն։ Նույնիսկ ամենահամեստ հագուստը կարելի է հագնել այնպես գեղեցիկ, որ թվա՝ ամենաշքեղը աշխարհում։ Շինծու արտահայտություններ են եղել իմ որդու հասցեին, այն անձնավորության, որը, լինելով գեներալի որդի, պատերազմին մասնակցել և վիրավորվել է, նույնիսկ փորձում էին այդ վիրավորվածությունը իրենց մարդկանցով ու արբանյակներով քննել, թե ինչպես է վիրավորվել։ Ես գտնում եմ, որ սա հարիր չէ պետական պաշտոնյաներին, մանավանդ նրանց, որոնք համապատասխան ճանապարհ ունեն անցած և փորձառություն, մանավանդ, որ այդ ամենը փորձում են կապել բանակի հետ։ Ես չեմ արդարանում․ մեր հասարակությունը և բանակի ողջ անձնակազմը կարող է գնահատական տալ, թե ինչպիսին է եղել բանակը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ժամանակ, Սեյրան Օհանյանն ինչ է եղել պատերազմում և դրանից հետո, բանակում ծառայելու ժամանակ, նախարար եղած ժամանակ և Պաշտպանության նախարարը ինչ համբավ ունի ԶՈՒ-երում, արդյոք նա համբավ ունի կոռուպցիոների, թե ում»,- ասաց Օհանյանը։

Պատգամավորը հորդորեց՝ հաշվի առնել այս ամենը, քանի որ ինքն էլ շատ բան գիտի ուրիշների մասին, բայց միևնույն ժամանակ նկատեց, թե դա չի նշանակում, որ կարելի է կպնել ուրիշի ընտանիքին․ «Ի վերջո, ընտանիքի անդամները մեղավոր չեն, երբ որ իրենց ընտանիքի ղեկավարը զբաղվում է այդպիսի ապատեղեկատվություններով»,- նշեց Սեյրան Օհանյանը։

lurer.com



Նման նյութեր