Հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին բողոքի ակցիա անցկացնել Վաշինգտոնում, որպեսզի խափանեն ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը, տեղեկացնում է BBC-ին:
Բողոքավորները (նրանց թվում են DisruptJ20 և Black Lives Matter խմբերը) կփորձեն արգելափակել Կապիտոլիումի մոտ արարողության անցկացման վայր տանող բոլոր 12 անցումները:
Բացի այդ, նրանք ցանկանում են ցույցերի և ճանապարհների արգելափակման օգնությամբ խանգարել պաշտոնակալությանը նվիրված ավանդական պարահանդեսի անցկացմանը:
«Մենք ցանկանում ենք տեսնել ապստամբություն, որը կփոթորկի այս քաղաքում և ամբողջ երկրում»,- Reuters գործակալությանն ասել է ակցիայի կազմակերպիչ Դևիդ Թերսթոնը:
Կազմակերպիչները խոստանում են նաև այլ «անակնկալներ», բայց ընդսմին զգուշանում են Թրամփի կողմնակիցների հետ բախումներից:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնակալության օրը Վաշինգտոնում տարբեր ակցիաներ անցկացնելու թույլտվություն են ստացել 27 նախաձեռնող խմբեր, ինչը չորս անգամ ավելի է, քան նախորդ տարիներին տրվում էր պաշտոնակալության արարողությունների օրերին:
Սպասվում է, որ Թրամփի երդմնատվության արարողություն կայցելեն 800 հազար հանդիսականներ: Նրանց անվտանգությունն ապահովելու են 15 հազարից ավելի ուժայիններ:
Ոչ Թրամփը, ոչ էլ նրա թիմն առայժմ չեն մեկնաբանել բողոքավորների պլանները: