Գիտնականները հայտնաբերել են նոր միջոց, որի օգնությամբ հակամարմինները ոչնչացնում են վիրուսները։ Cell ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը կարող է նպաստել նոր հակավիրուսային դեղամիջոցների մշակմանը, այդ թվում՝ COVID-19-ի դեմ:
Ինչպես նշում է Medportal.ru-ն, հակամարմինները հատուկ սպիտակուցներ են, որոնք գտնում ու չեզոքացնում են օրգանիզմի օտար կառույցները։ Դրանք մեզ փրկում են տոքսիններից, բակտերիաներից եւ վիրուսներից: Համարվում է, որ հակամարմիններն իրենք չեն ոչնչացնում «խախտողներին», միայն վնասազերծում, կպչում են դրանց մակերեւույթին:
Հակամարմինների յուրաքանչյուր տեսակ եզակի է եւ համապատասխանում է վարակի իր տեսակին, ինչպես բանալին եւ կողպեքը: Օրինակ՝ կորոնավիրուսի մակերեսին կան հատուկ կառուցվածքներ, որոնք նման են փշերի։ Հակամարմինները «կողմնորոշվում են» հենց դեպի նրանց՝ վիրուսը որսալու համար։ Հակամարմիններով պատված վիրուսն այլեւս չի կարող ներթափանցել բջիջներ եւ վարակել օրգանիզմը։ Այս մեթոդը կոչվում է պատնեշային:
Իսկ վիրուսը ոչնչացնում են այլ սպիտակուցներ՝ իմունոգլոբուլինները: Սովորաբար մարդն ապաքինվում է, այսինքն՝ ազատվում է վարակից, երբ բոլոր «խախտողները» վերացված են, կամ երբ արգելափակված են հակամարմիններով։
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հակամարմինները կարող են նաեւ փոխել վիրուսի կառուցվածքը՝ թույլ չտալով նրան ճիշտ կպչել մարդու մարմնի բջիջներին։ Գիտնականները փորձարկել են Զիկա վիրուսի եւ Դենգե տենդի դեմ մոնոկլոնալ հակամարմինները, սակայն նրանք վստահ են, որ արդյունքները օգտակար կլինեն նաեւ այլ պաթոգենների համար։
Հետազոտողների կարծիքով, հնարավոր է, որ հակամարմինները սկզբում փորձում են չեզոքացնել վիրուսները՝ օգտագործելով պատնեշային մեթոդը, իսկ ձախողման դեպքում նրանք դիմում են կառույցի փոփոխման մեթոդին։ Ընդ որում կառուցվածքը փոփոխելու միջոցով վիրուսները չեզոքացնելու համար ավելի քիչ հակամարմիններ են անհրաժեշտ, քան դասական պատնեշային մեթոդի համար։