Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ «Օմիկրոն» մանրէահիմքի որևէ դեպք չի գրանցվել։ Այս մասին Առողջապահության նախարարությունը հայտնեց ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։
«Ընդհանուր առմամբ, սեկվենավորման նպատակով վերցված 140 նմուշից 87-ում հայտնաբերվել է Delta շտամը (65%), 47-ում՝ Alpha շտամը (35%)»,- նշել են նախարարությունում։
Գերատեսչությունում փաստել են, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը` դատելով վերջին ամսվա ցուցանիշներով, ոչ էական, բայց բարելավվել է։ Մասնավորապես, այդ մասին է խոսում վարակի վերարտադրության ցուցանիշի նվազումը։
Վերջին 14 օրվա ընթացքում (2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ) արձանագրվել է հիվանդության 8605 դեպք (290.8 դեպք 100.000 բնակչության հաշվով), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (19284 դեպք, 651.7 դեպք 100.000 բնակչության հաշվով) նվազել է 55%-ով։ Վարակի վերարտադրության ցուցանիշը 14 օրվա հաշվարկով, 30.11.2021-ի դրությամբ, կազմում է 0.6, այնինչ 2 շաբաթ առաջ եղել է 0.8:
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի համավարակի սկզբից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 2-ը` COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 15997 մարդու մոտ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականին 15-19 տարեկան աղջիկների տարիքային խմբում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության մահվան մեկ դեպք:
Միևնույն ժամանակ 2020 թվականին համավարակի սկզբից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 2-ը` COVID–ասոցացված կավասակիանման համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 139 երեխայի մոտ:
Ընթացիկ տարվա նոյեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումների քանակը հասել է 1 217 391–ի։ Առաջին դեղաչափը ստացած քաղաքցիների թիվը 781 011 է (39%), իսկ լիարժեք պատվաստվածներինը` 436 380 (21,8%)։
Առողջապահության նախարարությունից նշել են, որ նոյեմբերի 30-ի դրությամբ պատվաստվել են թվով օտարերկրյա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 7411 անձինք (1,6%)։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված անձանցից հիվանդացել է 1.5%-ը:
ՀՀ-ում 2020թ. մարտի 1-ից մինչև 2021-ի նոյեմբերի 29-ը ներառյալ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության կրկնավարակի 4506 դեպք: